Ֆրանսիայում շարունակվում են կենսաթոշակային փոփոխությունների դեմ բողոքի ցույցերը
Ֆրանսիայում երրորդ օրն է՝ շարունակվում են բողոքի ցույցերը կենսաթոշակային փոփոխությունների դեմ, գրում է Euronews-ը:
Ըստ պաշտոնական տվյալների՝ մոտ 800.000 քաղաքացի է մասնակցել ցույցերին Փարիզի և Ֆրանսիայի մի շարք այլ բնակավայրերում: Մինչդեռ արհմիությունների ամենամեծ ասոցիացիան՝ Աշխատանքի գլխավոր կոնֆեդերացիան, հայտարարում է 2 միլիոն ցուցարարի մասին, որից 400.000-ը՝ Փարիզում։ Կոնֆեդերացիայի բնորոշմամբ՝ նրանք փողոց են դուրս եկել իրենց սոցիալական իրավունքները պաշտպանելու համար: Սա բողոքի երրորդ ալիքն է Ֆրանսիայում հունվարի վերջից ի վեր:
Կենսաթոշակային փոփոխությունների վերաբերյալ նոր օրինագծի համաձայն, որն արդեն ներկայացվել է Ազգային ժողովի քննարկմանը, 2030 թվականից մարդիկ թոշակի կանցնեն ոչ թե 62, այլ 64 տարեկանից:
Ցույցերի ժամանակ գրանցվել են բախումներ ոստիկանների և ցուցարարների միջև, վերջիններս պայթուցիկներ են նետել իրավապահների ուղղությամբ, ոստիկաններն էլ արցունքաբեր գազ են կիրառել։ Մայրաքաղաքում բերման է ենթարկվել շուրջ 20 մարդ:
Արհմիությունները նախատեսում են գործադուլ հայտարարել փետրվարի 14-ին: