Լիբանանը բացում է օդային տարածքն ու նավահանգիստները, որպեսզի արտակարգ օգնությունը հասնի Սիրիա
Երեքշաբթի օրը Լիբանանը հայտարարել է, որ կբացի իր օդային տարածքը և ծովային նավահանգիստները՝ հարևան Սիրիա շտապ մարդասիրական օգնություն հասցնելու համար: Ինչպես մամուլի ասուլիսում ընդգծել է հանրային աշխատանքների և տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Ալի Համիեն, այս որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով, որ Դամասկոսը գտնվում է ԱՄՆ-ի և Եվրամիության տնտեսական պատժամիջոցների տակ, և շատ երկրներ ու կազմակերպություններ ձեռնպահ են մնում Սիրիայի իշխանությունների հետ անմիջական շփումներից։
«Կառավարության հրամանով բոլոր նավագնացային ընկերությունները, որոնք ապրանքներ և սարքավորումներ կփոխադրեն Սիրիա, ազատվում են լիբանանյան նավահանգիստներում տուրքերից», – ասել է Համիեն։
Նույն արտոնությունները կիրառվում են Բեյրութի միջազգային օդանավակայանում օդային ճանապարհորդությունների համար` ասել է նա:
«Սա նվազագույնն է, որ մենք կարող ենք անել եղբայրական սիրիացի ժողովրդի համար փորձությունների ժամին»,- ընդգծել է նա։
Նա ասել է, որ քաղաքացիական պաշտպանության ծառայության մի խումբ լիբանանցի փրկարարներ, բանակի ինժեներական ստորաբաժանումից, Լիբանանի Կարմիր խաչի ընկերության և մասնավոր բարեգործական կազմակերպությունների կամավորներ մեկնել են Հալեպ և Լաթաքիա։
Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին:
Հայաստանը որպես առաջնահերթություն Սիրիա կուղարկի սնունդ, ինչպես նաև այլ տեսակի օգնություն։