ԱՄՆ-ն Հնդկաստանի դեմ պատժամիջոցներ չի կիրառի ռուսական նավթ գնելու համար
ԱՄՆ-ն Հնդկաստանի դեմ պատժամիջոցներ չի կիրառի ռուսական նավթ գնելու համար: Այս մասին հինգշաբթի հայտնել է հնդկական NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդին:
«Ուզում եմ հստակացնել, որ մենք չենք պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Հնդկաստանի դեմ: Մեր գործընկերությունը Հնդկաստանի հետ մեզ համար ամենակարևորներից մեկն է», - Դոնֆրիդի խոսքը մեջբերում է հեռուստաալիքը:
Այսպես, ԱՄՆ պետքարտուղարի օգնականը մեկնաբանել է ուկրաինացի օրենսդիրներից մեկի կոչը, որում ասվում է, որ Ռուսաստանից էներգակիրների մատակարարումների համար պետք է պատժամիջոցներ սահմանել Հնդկաստանի նկատմամբ։
Հնդկաստանը՝ Չինաստանից և ԱՄՆ-ից հետո հում նավթի երրորդ խոշոր ներկրողն աշխարհում, ակտիվորեն գնում է ռուսական նավթ։ 2022 թվականի սկզբին Ռուսաստանի մասնաբաժինը Հնդկաստանի նավթի ներմուծման զամբյուղում ընդամենը 0,2% էր, բայց տարեվերջին այն աճել է մինչև օրական գրեթե 1 մլն բարել, ինչը կազմում է ավելի քան 20%: