Թուրքիայում և Սիրիայում հնարավոր են վտանգավոր վարակների բռնկումներ. Հիվանդությունների կանխարգելման եվրոպական կենտրոն
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) ինֆեկցիոն հիվանդությունների, այդ թվում՝ խոլերայի տարածման ռիսկեր է տեսնում Թուրքիայի և Սիրիայի՝ երկրաշարժից տուժած շրջաններում, ասվում է հայտարարության մեջ։
«Առաջիկա շաբաթների ընթացքում տուժած շրջաններում խոլերայի դեպքերի աճի մեծ հավանականություն կա: Բացի այդ, տուժածների ճամբարներում չեն բացառվում այլ հիվանդությունների զարգացումներ, ինչպիսիք են հեպատիտ A-ն ու ռոտավիրուսը»,- նշված է հաղորդագրությունում։
Ըստ կենտրոնի՝ մաքուր ջրի սահմանափակ հասանելիությունը, անբավարար սանիտարական պայմանները, սննդամթերքի սառեցման ու պատրաստման հնարավորությունների բացակայությունը կարող են հանգեցնել հիվանդությունների տարածմանը:
«Հատկապես մտահոգիչ են շնչառական վարակները, դրանց բռնկման վտանգը մեծանում է տուժածների տեղափոխմամբ ժամանակավոր ճամբարներ, որտեղ հնարավոր չէ խուսափել մարդկանց կուտակումներից»,- ասվում է հաղորդագրության մեջ: