Ուկրաինայում խաղաղության հաստատման Չինաստանի ծրագիրն ԱՄՆ ուշադրության կենտրոնում է
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն անդրադարձել է Ուկրաինայում խաղաղության հաստատման Չինաստանի ծրագրին և ընդգծել, որ ԱՄՆ-ն հրաժարվել է Ուկրաինային Ռուսաստանի հետ հակամարտության ավարտի տարբերակներ թելադրել: Ամերիկացի խորհրդականը նշել է, որ Ռուսաստանի հետ հակամարտության ավարտի մասին որոշումը պետք է ընդունեն իրենք՝ ուկրաինացիները։ Այս մասին նա խոսել է CNN հեռուստաալիքի եթերում։
Ամերիկացի պաշտոնյայի կարծիքով ՝ չինական ծրագրում պետք է ուշադրություն դարձնել առաջին կետին՝ երկրների ինքնիշխանության հարգմանը։
Չինաստանն այսօր հրապարակել է ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումը։ 12 կետից բաղկացած փաստաթղթի առաջին կետում Պեկինը նշում է, որ պետք է հարգել միջազգային իրավունքը և երկրների ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության սկզբունքը: Չինաստանը կոչ է անում խուսափել էսկալացիայից և աջակցել Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև երկխոսությանը: Ըստ չինական կողմի՝ երկխոսությունն ու բանակցություններն «ուկրաինական ճգնաժամի լուծման միակ ճանապարհն են», Պեկինը բոլոր կողմերին կոչ է անում աջակցել Մոսկվային և Կիևին՝ ուղիղ երկխոսությունը հնարավորինս շուտ վերսկսելու հարցում: Ընդգծվում է, որ համաշխարհային հանրությունը պետք է պայմաններ և հարթակ ստեղծի բանակցությունների վերսկսման համար։ Հայտարարության տեքստում նշվում է, որ պետք է դադարեցվեն միակողմանի պատժամիջոցները, որոնք չեն լուծում ընթացիկ խնդիրները, բայց ստեղծում են նորերը: