ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել կառուցողական գործակցությունը Ռուսաստանի հետ սպառազինությունների վերահսկման հարցում. Փրայս
Ամերիկայի Միացյալ Նահանգները պաշտոնապես տեղեկացվել է, որ Ռուսաստանը կասեցնում է մասնակցությունը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման միջոցառումների մասին պայմանագրին՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։
Նա նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է շարունակել կառուցողական գործակցությունը Ռուսաստանի հետ սպառազինությունների վերահսկման հարցում: Փրայսը հավելել է՝ Միացյալ Նահանգները շարունակում է կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները և կոչ անում Ռուսաստանին անել նույնը: «Ռուսաստանի այս որոշումը չի խանգարի ԱՄՆ-ին շարունակել Ուկրաինային աջակցությունը»,- զգուշացրել է խոսնակը:
Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտարարել է, որ մոտ ապագայում Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ռազմավարական կայունության շուրջ երկխոսություն չի ակնկալվում, քանի որ ամերիկյան կողմը հակառուսական քաղաքականություն է վարում: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին էլ հավատացրել է, որ Մոսկվան մտադրություն չունի Ուկրաինայի Զինված ուժերի դեմ միջուկային զենք կիրառել։ Նրա խոսքով՝ նման սցենար հնարավոր կլինի, միայն եթե Ռուսաստանի գոյությանը վտանգ սպառնա:
Ռուսական կողմը, այնուհանդերձ, հավատացնում է՝ միջուկային-հրթիռային ոլորտում կայունության պահպանման համար Մոսկվան խստորեն կպահպանի ռազմավարական հարձակողական սպառազինությունների քանակական սահմանափակումները, որոնք նախատեսված են պայմանագրով: