Հունաստանում մարդատար և բեռնատար գնացքների բախման զոհերի թիվը հասել է 57-ի, և, հավանաբար, այդ թիվը կաճի, քանի որ ուղևորներից շատերի ճակատագիրը դեռևս անհայտ է, 48 վիրավորից 6-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։

Փրկարարական աշխատանքները շարունակվում են: AFP-ն՝ վկայակոչելով հրշեջներին, հայտնում է, որ գնացքների բախումից հետո ռեստորանային վագոնում հրդեհ է բռնկվել, և ջերմաստիճանն այնտեղ կարող էր հասնել 1300°C-ի։

Ողբերգությունը ցնցել է հունական հասարակությանը: Երկրում բողոքի ցույցեր են ընթանում, գործադուլ են անում երկաթուղայինները, որոնք խոսում են երթևեկության անվտանգության հետ կապված «քրոնիկ» խնդիրների մասին։

Հրաժարական ներկայացրած տրանսպորտի նախարար Կոստաս Կարամանլիսը խոստովանել է, որ «կառավարությունը բավարար աշխատանք չի տարել տեղի ունեցածը կանխելու համար»։

Կայարանի 59-ամյա տնօրենը ձերբակալվել է և մեղադրվում է «անզգուշաբար սպանություն» և «մարմնական վնասվածք» պատճառելու համար։ Երկաթուղային կայարանի պետը մասամբ խոստովանել է, որ մարդատար և բեռնատար գնացքները նույն գծի վրա են հայտնվել իր «սխալի» պատճառով։

Վարչության նոր ղեկավարը ներողություն է խնդրել զոհվածների ընտանիքներից։ Ավելի վաղ վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը երկրում եռօրյա սուգ է հայտարարել։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն