ԱՄԷ-ն և Իտալիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ընդունել
Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահյանը և Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին Աբու Դաբիում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում հռչակագիր են ընդունել երկու երկրների հարաբերությունները ռազմավարական գործընկերության վերածելու մասին:
«Արաբական Միացյալ Էմիրություններն ու Իտալիան կիսում են ընդհանուր նպատակները, որոնց թվում են կայուն զարգացումն ու տնտեսական աճը, միջազգային հանրության հետ համագործակցության ամրապնդումը, բարգավաճումն ու կայունությունը, ինչպես նաև համընդհանուր մարդկային արժեքներին հետևելը, ինչպիսիք են հանդուրժողականությունը, խաղաղ գոյակցությունը, երկխոսությունն ու թափանցիկությունը»,- նշված է փաստաթղթում:
Հռչակագիրը նախատեսում է ԱՄԷ-ի և Իտալիայի միջև համագործակցության ամրապնդում քաղաքական, դիվանագիտական, միջազգային, տնտեսական և առևտրային ոլորտներում: Փաստաթղթից հետևում է, որ կողմերը մտադիր են ընդլայնել համագործակցությունը նաև պաշտպանության, պարենային և ջրային անվտանգության, ինչպես նաև կլիմայի փոփոխության դեմ պայքարի ոլորտներում: