Հայաստանը ստացել է Խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի նոր առաջարկները, ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսպիսով թևակոխել ենք Խաղաղության պայմանագրի նախագծի քննարկման 4-րդ շրջափուլ։ Մենք կքննարկենք և առաջիկայում կներկայացնենք մեր դիտարկումները։ Մենք հավատարիմ ենք և չենք շեղվելու խաղաղթւոյան օրակարգից»,- ասել է Փաշինյանը։

Փաշինյանը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել այն փաստի, որ Ադրբեջանը մինչ օրս չի կատարել 2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը։

«Միևնույն ժամանակ միջազգային հանրության ուշադրությունը պետք է հրավիրեմ այն փաստի վրա, որ ի հեճուկս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ մինչև հիմա Ադրբեջանը չի վերադարձրել հայ գերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց, ինչպես նաև շարունակում է օկուպացիայի տակ պահել 1994, 2021,2022 թթ-ի ագրեսիայի հետևանքով բռնազավթած ՀՀ ինքնիշխան տարածքները»,- նշել է վարչապետը։

Անդրադառնալով Լաչինի միջանցքի արգելափակմանը Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակն ճանապարհը՝ անտեսելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Իսկ մարտի 5-ին Ադրբեջանի դիվերսանտների կողմից ոստիկանության երեք աշխատակիցների սպանությունները, Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության եռակի խախտում է համարել։ 

«Ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի՝ սույն թվականի փետրվարի 22-ին հրապարակված որոշման՝ Ադրբեջանը շարունակում է ապօրինի կերպով փակ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի միակ անցանելի ասֆալտապատ ճանապարհը։ Սրա հետևանքով հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ լարված։

Միևնույն ժամանակ, տեսնում ենք Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում ռազմական առումով սրելուն ուղղված կոնկրետ գործողություններ Ադրբեջանի կողմից։ Սրա վերջին աղաղակող դրսևորումը Լեռնային Ղարաբաղի ոստիկանության երեք աշխատակիցների սպանությունն էր ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից սույն թվականի մարտի 5-ին։ Ոստիկանները, հիշեցնեմ, ծառայողական նպատակներով մարդատար ավտոմեքենայով ուղևորվում էին Լեռնային Ղարաբաղի Հին Շեն և Մեծ Շեն գյուղեր։ Հերթական այս միջադեպը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում»,- նշեց վարչապետը։

Փաշինյանը կարևոր է համարում արձանագրել, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը մարտի 6-ին տարածած հաղորդագրության մեջ հստակ արձանագրել է, որ միջադեպի նախաձեռնողը ադրբեջանական կողմն է։

«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ վարույթ է իրականացվում դեպքի մանրամասները պարզելու համար»,- հավելեց վարչապետը։

Ըստ Փաշինյանի, հատուկ գնահատականի պետք է արժանանա այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի ոստիկանների սպանությունները տեղի են ունեցել Լաչինի միջանցքում։



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն