Ստամբուլը վտանգի տակ է երկրաշարժի դեպքում. ահազանգում է քաղաքապետը
Փետրվարյան երկրաշարժերը հազարավոր բազմաբնակարան շենքեր վերածեցին փլատակների Թուրքիայում։ Շատերը պատճառը տեսնում են անորակ շինարարության մեջ։
Ստամբուլը Եվրոպայի ամենաբնակեցված քաղաքներից է, որտեղ ապրում է ավելի քան 15 միլիոն մարդ: Այն ևս երկրաշարժային գոտում է: Նրա քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն զգուշացնում է, որ քաղաքը կանգնած է աննախադեպ սպառնալիքի առջև, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։
«Մենք չգիտենք, թե երբ կլինի երկրաշարժը։ Թույլ տալ, որ մեր ժողովուրդը ապրի կյանքին սպառնացող այս շենքերում, նման է, Աստված մի արասցե, գիտակցաբար նրանց մահի դատապարտմանը»,- ասել է Իմամօղլուն:
Քաղաքապետարանի կայքը թույլ է տալիս բնակիչներին պահանջել ստուգել իրենց շենքերի սեյսմակայունությունը:
Այս շենքը պետք է քանդվի վատ կառուցապատման պատճառով, իսկ մյուսներն ամրացվում են. քաղաքապետարանը դրամաշնորհներ և էժան վարկեր է առաջարկում բնակչությանը: Սակայն շատերն ասում են, որ չեն կարող վճարել: Նրանք այժմ վախենում են իրենց և իրենց ընտանիքների համար:
Ստամբուլը երկրի տասնամյա շինարարական բումի կենտրոնն էր: Փորձագետներն ասում են, որ երկրաշարժից տուժած շրջանների կառուցապատողների նման, քաղաքի բնակիչները շահել են կառավարության կառուցապատման գոտիավորման համաներումներից, ըստ որոնց՝ փոքր տուգանքներից հետո օրինականացվել են երկրաշարժի խստագույն կանոնների խախտմամբ կառուցած կառույցները:
«Նույն ավերածությունները, հավանաբար, կտեսնենք այստեղ՝ Ստամբուլում, ուստի մենք խոսում ենք մեծ ռիսկի մասին։ Գոտիավորման համաներումը հսկայական խնդիր է առաջացրել: Դա ավելի խորը խնդրի հիմքերից մեկն է»,- պնդում է Ստամբուլի ճարտարապետ Օմեր Յըլմազը։
Անորակ կառուցած շենքերի սպառնալիքի դեմ պայքարն այժմ առաջնահերթություն է. Ստամբուլի քաղաքապետը նախազգուշացրել է, որ երկրաշարժի դեպքում վտանգի տակ են շուրջ 90 հազար շինություններ: