ՍԴ–ն խոչընդոտ չի տեսնում․ Հայաստանը սկսում է Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը
ՍԴ-ն Մայր օրենքին համապատասխանող է ճանաչել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը։ Դատարանը որոշել է, որ դրանով ամրագրվող պարտավորությունները չեն հակասում Հայաստանի Սահմանադրությանը։ Հարցը քննարկվել է գրավոր ընթացակարգով։ Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Հաջորդ քայլն արդեն ԱԺ-ում փաստաթղթի վավերացումն է։ Կառավարությունը նախորդ տարեվերջին էր հավանություն տվել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և դրա իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին նախագծին՝ բացատրելով, որ գործընթացը սկսում է նաև Ադրբեջանի պատասխանատվության հարցը բարձրացնելու համար։ Առաջարկվում է փաստաթղթի իրավազորությունը ճանաչել 2021-ի մայիսից ի վեր, որպեսզի հնարավոր լինի դատարան դիմել Ադրբեջանի՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու ու հանցանքներ գործելու դեպքերով։
Գրավոր ընթացակարգով քննելով 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցի վերաբերյալ գործը՝ ՍԴ–ն որոշեց․
«1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված Միջազգային քրեական դատարանի Հոռոմի կանոնադրությունում և 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարությամբ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը։ Որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»։
Կառավարությունը նախորդ տարեվերջին հավանություն էր տվել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և դրա իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին նախագծին:
Դրանից հետո դիմել էր Սահմանադրական դատարան՝ կառույցի դիրքորոշումը ճշտելու համար։ Խնդիրն այն է, որ 2004 թվականին Դատարանը Կանոնադրությամբ ստանձնվող որոշ պարտավորություններ ՍԴ–ն ճանաչել էր 1995 թվականի Սահմանադրությանը հակասող։ Գործադիրի հիմնավորմամբ՝ ՍԴ որոշման կայացումից ի վեր Սահմանադրությունը երկու անգամ փոփոխության է ենթարկվել և հնարավոր է, որ փոխվել է նաև ՍԴ–ի դիրքորոշումը:
Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունն ընդունվել է 1998–ին Հռոմում, ուժի մեջ է մտել 2002–ին: Հայաստանը Կանոնադրությունն ստորագրել է 1999 թ. հոկտեմբերի 1-ին, սակայն մինչ օրս չի վավերացրել:
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն ասում է, որ ՍԴ որոշումից հետո հաջորդ քայլն արդեն ԱԺ–ինն է․ խորհրդարանը պետք է վավերացնի համաձայնագիրը։
«Պետք է վավերացվի այդ փաստաթուղթը, որով Հայաստանը կընդունի այդ դատարանի իրավազորությունն իր ամբողջ գործիքակազմով, նաև՝ դրա հետևանքներով»։
Կանոնադրության 5-րդ հոդվածը սահմանում է դատարանին ընդատյա հանցագործությունների շրջանակը՝ ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված և պատերազմական հանցագործությունները: Ընդ որում՝ դատարանին ընդատյա են ոչ միայն զինված ընդհարումների ժամանակ կատարված պատերազմական հանցագործությունները, այլ նաև՝ ռազմական ագրեսիան: Գործադիրն ասում էր, որ Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը վավերացնելու գործընթացը սկսում է՝ պայմանավորված նաև Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիայով։
Որպեսզի Հայաստանը կարողանա տարածել Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունն իր ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ագրեսիայի վրա, գործադիրն առաջարկում է դրա իրավազորությունը ճանաչել հետադարձորեն՝ 2021 թվականի մայիսի 12-ից ի վեր։
«Այսինքն՝ զինվորականներ, նրանց հրամանատարներ, որոնք հրաման են տվել, ովքեր մահաբեր ուժ են կիրառել քաղաքացիական բնակչության նկատմամբ, խոշտանգել են ռազմագերիներին՝ հայտնի միջադեպը սեպտեմբերյան։ Սրանք բոլորը միջազգային հանցագործություններ են և անցնում է այդ դատարանի իրավազորությամբ»։
Հռոմի ստատուտի վավերացմամբ, ըստ էության, ևս մեկ գործիք է ավելանում Հայաստանի ձեռքին՝ ադրբեջանական հանցագործությունների հարցը միջազգային ատյաններում բարձրացնելու։ Միջազգային իրավունքի մասնագետը նկատում է, որ այդ առումով Հռոմի ստատուտի վավերացումը երրորդ գործիքն է։
«Մենք արդեն երկու դատարաններում սկսել ենք վարույթներ։ Սա կլինի երրորդ գործիքը։ Այդ գործիքը, սակայն, բավականին դանդաղ է աշխատում, ավելի դանդաղ, քան մյուս երկուսի դեպքում, բայց շատ հեղինակավոր դատարան է։ Նաև հարկ կլինի, որ մենք մեր որոշ օրենքներ համապատասխանեցնենք Միջազգային քրեական դատարանի կանոնադրությանը, հիմնականում՝ Քրեական օրենսգիրքը։ Այնուամենայնիվ, դրանով մենք մտնում ենք միջազգային հանրության մի նոր ընտանիք»։
Միջազգային իրավունքի մասնագետի ձևակերպմամբ, սակայն, այդ «նոր ընտանիքն» իր հետ բերելու է միաժամանակ որոշակի խնդիրներ, որոնք, Արա Ղազարյանի ձևակերպմամբ, դիմագրավելու համար պետք է պատրաստ լինենք։ Ղազարյանը պարզաբանում է, թե ինչպիսի խնդիրների մասին է խոսքը.
«Դե, ասենք, օրինակ, եթե Դատարանի կողմից հետախուզման մեջ է մի բարձրաստիճան օտարերկրյա պաշտոնատար անձ, միանշանակորեն՝ եթե նրանք հայտնվեցին Հայաստանի տարածքում, Հայաստանը պարտավոր է արդեն դատարանի որոշումը կատարել, այսինքն՝ ձերբակալել և հանձնել դատարանին։ Ասենք, Պուտինը գա Հայաստան՝ պիտի ձերբակալվի։ Բառիս բուն իմաստով՝ այդպես է ստացվում, բայց…»։
Քրեական դատարանի կանոնադրությունն այս պահի դրությամբ վավերացրել է 123 պետություն։ Մեր տարածաշրջանում կանոնադրությանը մասնակից պետություն է Վրաստանը:
Կանոնադրությունը վավերացնելով՝ Հայաստանը կդառնա տարածաշրջանի՝ փաստաթղթին մասնակից երկրորդ պետությունը։