Հայաստանի ինքնիշխանության հարցը որոշվում է Սյունիքում․ ֆրանսիացի պաշտոնյա
Արցախի վրա հարձակումը հարձակում է Օվերն-Ռոն-Ալպերի վրա՝ Սյունիքում մարզի ու Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրումից հետո ասել է շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեն։ Ֆրանսիական պատվիրակությունը Սյունիքում էր երկօրյա աշխատանքային այցով։ Դրա ընթացքում հայ և ֆրանսիացի պաշտոնյաները երկկողմ հանդիպումներ են ունեցել, հստակեցրել են համագործակցության ուղղությունները։ Նախօրեին Լորան Վոքիեն այցելել էր նաև Լաչինի ճանապարհի սկզբնամաս, իր ձևակերպմամբ՝ ցույց տալու, որ Ֆրանսիան Սյունիքի ու Արցախի կողքին է։
Տաթևի վանական համալիրի զանգերի ղողանջների ներքո Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպերի շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեն ստորագրում են համագործակցության համաձայնագիր։ Դրանով նախատեսվում է զարգացնել նախորդ տարվա հոկտեմբերից սկսված երկկողմ համագործակցությունը։ Այդ շրջանում Սյունիքի մարզպետը պաշտոնական այցով Լիոնում էր, և հենց այդ այցի ընթացքում էլ հայտարարվել էր Օվերն-Ռոն-Ալպերի շրջանային խորհրդի որոշման ՝ հայ-ադրբեջանական հակամարտության հետևանքները հաղթահարելու համար Սյունիքին 300 հազար եվրո աջակցություն հատկացնելու մասին։ Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը կարևորում է հենց Տաթևի վանական համալիրում համաձայնագրի ստորագրումը։
«Ճանապարհին պարոն Վոքիեի հետ զրուցում էինք, և իրականում երկուսս էլ վստահ ենք, որ այս համագործակցությունը սկիզբ է դնելու մի նոր բարեկամական ժամանակահատվածի, որը հետագայում մեծ հնարավորություններ ունի դառնալու պատմական։ Հայ-ֆրանսիական հարաբերությունների մասին այնքան շատ կարելի է խոսել, օրեր կտևեն, որովհետեւ Ֆրանսիան եղել է, կա ու, վստահ եմ, կմնա Հայաստանի լավագույն երկրների առաջին հորիզոնականում»։
Բուժօգնության հասանելիություն, աջակցություն գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես գյուղերում ոռոգման համակարգի կառուցում, երիտասարդների մասնագիտական կրթություն, զբոսաշրջության խթանում, ֆրանսերենի ուսուցման խորացում․ համագործակցության հիմնական ուղղություններն են, սակայն Օվերն-Ռոն-Ալպերի շրջանային խորհրդի նախագահը, բացի նշվածներից, նաև անվտանգային համագործակցությունն է կարևորում։
Լորեն Վոքիե․ «Այսօրվանից Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի և Սյունիքի մարզի ճակատագրերը համատեղ են։ Սա նշանակում է՝ ով հարձակվի Սյունիքի վրա, հարձակվում է Օվերն-Ռոն-Ալպերի վրա, ով ոտնձգություն կատարի Սյունիքի հանդեպ, ճանապարհին կհանդիպի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանին»։
Ֆրանսիացի պաշտոնյայի խոսքով՝ Հայաստանի ինքնիշխանության պայքարը որոշվելու է հենց Սյունիքում։
«Սյունիքը երբեք չի ընկրկել։ Ես, որ լեռնային երկրամասից եմ, շատ զգայուն եմ այնպիսի անհատների հանդեպ, ինչպիսիք են Դավիթ Բեկն ու Գարեգին Նժդեհը։ Որպեսզի Հայաստանը հաջողության հասնի, Սյունիքը պիտի զարգանա և ուժեղ լինի։ Առաջին նպատակն է հզորացնել այս մարզը ՝ համատեղ ծրագրերի ու համագործակցության միջոցով»։
Սյունիքի մարզպետարանում մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ քննարկմանը Լորեն Վոլքեն ասաց, որ չի ուզում, որ համագործակցության հուշագիրը այլ ծրագրերի նման միայն փոխադարձ այցերով ու խոստումներով սահմանափակվի։ «Մենք ուզում ենք հնարավորինս արագ գործնական քայլեր անել՝ աջակցելու սյունեցիներին, որպեսզի բնակիչներն էլ զգան փոփոխությունները։ Արդեն պատրաստել ենք այն գումարները, որոնք անհրաժեշտ են աշխատանքները սկսելու համար»,-ասաց պարոն Վոքիեն։ Ֆրանսիացի պաշտոնյան համոզված է, որ տնտեսապես զարգացած լինելը կօգնի պայքարել արտաքին ոտնձգությունների դեմ։
«Ճանապարհին տեսանք ադրբեջանական դրոշները, որոնք բնակավայրերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա են։ Այստեղ մենք անելիք ունենք․ պիտի լսելի դարձնենք, որ գործ ունենք մարդու իրավունքների ու պետության սուվերեն իրավունքի խախտման հետ»։
Ֆրանսիական պատվիրակության անդամները Գորիսի զոհված ազատամարտիկների պանթեոնում ծաղիկներ դրեցին անմահացածների հուշաքարերին, եղան ֆրանս-հայկական համագործակցությամբ գործող առողջապահական եւ կրթական հաստատություններում։ Նախօրեին Լորան Վոքիեն այցելել էր Լաչինի ճանապարհի սկզբնամաս, որն արդեն փակ է մոտ 110 օր։ Այստեղ եմ ցույց տալու համար, որ Ֆրանսիան Հայաստանի կողքին է՝ Լաչինում ասել էր ֆրանսիացի պաշտոնյան։