Զինված ուժերում ծառայության ընթացքում կարգելվի սմարթֆոնի օգտագործումը: Օրենքի նախագիծը խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց պաշտպանության փոխնախարարը: Արման Սարգսյանը հավելեց՝ սմարթֆոնի օգտագործումը կթույլատրվի միայն նախարարի սահմանած հատուկ դեպքերում:

Արման Սարգսյան (ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ) - Բջջային կապի օպերատորները, վստահաբար, կփաստեն, որ բոլոր տեսակի բջջային հեռախոսները հնարավոր է իր գեոլոկացիոն հնարավորությամբ տեղորոշել, բայց ավելի ինտերնետ հասանելիություն ունեցող, համացանցին միացված հեռախոսներն իրենցից ավելի մեծ վտանգավորություն են ներկայացնում:

ԿՓՈՓՈԽՎԵՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՇՏ ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Պաշտպանական գերատեսչության մշակած օրինագծով՝ կփոխվեն նաև ծառայության ընթացքում կարգապահական վաշտ տեղափոխվելուն առնչվող պայմանները: Գործող օրենքով կարգապահական վաշտում անցկացրած ընթացքը ևս համարվում է ծառայություն:

Արման Սարգսյան - Այն իրավախախտ զինծառայողները, ովքեր հնարավոր մարտական հերթապահությունից կամ զորամասում տեղի ունեցող պատշաճ մարտական պատրաստության կամ ֆիզիկական պատրաստության հետ կապված դասընթացներից զերծ մնալու, արտոնյալ վիճակում գտնվելու համար հայտնվում են կարգապահական վաշտում և ապա այդպես անընդհատ կարգապահական վաշտում խախտումներ կատարելուց հետո իրենց ժամկետն ավարտելով զորացրվում, այսուհետ նման հնարավորություն իրենք չեն ունենալու:

Անդրանիկ Քոչարյան (ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Սա կտեսնեք՝ ոնց է ազդում ծառայության որակի վրա: Մնացած ամեն ինչն էլ ազդելու է, բայց սա՝ առաջնահերթ, որովհետև ոչ մեկը չի ուզենա կարգապահությունը խախտելով հավերժ մնալ ծառայության մեջ:

Օրենքի նախագծով նաև վարչական պատասխանատվություն կսահմանվի զինվորական համազգեստ ապօրինի կրելու համար:

Արման Սարգսյան - Թե՛ ձկնորսական, թե՛ որսորդական նպատակներով նաև հանրության շրջանում կրողները շատ են, որոնք որ, եթե չեն համապատասխանելու մեր նախատեսած ատրիբուտիկայով համազգեստին, ապա թույլատրվելու է: Սա վերաբերելու է բացառապես այն համազգեստին, որը տվյալ պահին զինված ուժերում դրված է կիրառության մեջ:

Օրենքի նախագծին հանձնաժողովը միաձայն տվեց դրական եզրակացություն: Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները չէին մասնակցում:

ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ՕՐԻՆԱԳԻԾ

Հանձնաժողովի նիստում հաջորդ օրինագիծը ներկայացրեց ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Ոստիկանությունում ևս նախատեսվում է ներդնել ատեստավորման համակարգ: Կստուգվի պաշտոնում անձի համապատասխանությունը, ատեստավորումը հաջող հանձնելու դեպքում կսահմանվի հավելավճար՝ աշխատավարձի կրկնակիի չափով:

Արփինե Սարգսյան (ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ) - Ատեստավորման համար նախատեսված եռամյա ժամկետի շրջանակներում պետք է կարողանանք ստուգել տվյալ ծառայողի գիտելիքներն ու հմտությունները և, ըստ այդմ, հասկանալ՝ արդյոք մենք գործ ունենք որակյալ, բանիմաց և բարեվարք կադրի հետ, թե ոչ:

Ատեստավորում չեն անցնի միայն ոստիկանության պետը, նրա տեղակալները, ինչպես նաև ոստիկանության զորքերի հրամանատարը: Ներկայացված փաթեթին ևս հանձնաժողովը տվեց դրական եզրակացություն:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն