Պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ նախկին նախագահը կանգնել է դատարանի առաջ` քրեական գործի շրջանակներում․ Դոնալդ Թրամփին մեղադրանք են առաջադրել 34 հոդվածներով: Սպիտակ տան նախկին ղեկավարը բոլոր հոդվածներով իրեն անմեղ է համարում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությանը:

Դատախազներն առաջին անգամ պաշտոնապես հրապարակել են 76-ամյա Դոնալդ Թրամփի դեմ առաջադրված մեղադրանքը: Նախկին նախագահին մեղադրում են բիզնես հաշվետվությունները կեղծելու մեջ: Ըստ դատախազների՝ Թրամփը դավադրություն է կազմել 2016 թ.-ի նախագահական ընտրություններից առաջ՝ փորձելով թույլ չտալ տեղեկատվության արտահոսք, որը կարող էր վնաս հասցնել իր ընտրարշավին: Ըստ մեղադրանքի՝ Թրամփը գումար է վճարել երկու կանանց, որպեսզի նրանք չբարձրաձայնեն իր հետ ունեցած սեռական կապի մասին: Այդ կանանցից մեկը պոռնոաստղ Սթորմի Դենիելսն է, իսկ մյուսը՝ «Playboy»-ի նախկին մոդել Քերեն ՄաքԴուգալը:

Reuters-ը շեշտում է, որ Նյու Յորքում բիզնես հաշվետվությունները կեղծելը զանցանք է, որը պատժվում է ընդամենը 1 տարվա ազատազրկմամբ, սակայն եթե դա արվում է այլ հանցագործությունը թաքցնելու, օրինակ, այս դեպքում՝ ընտրական օրենսդրությունը խախտելու նպատակով, ապա դա համարվում է հանցանք և ենթադրում է մինչև 4 տարվա ազատազրկում:

Թրամփին մեղադրանք է առաջադրվել նաև 2020 թ.-ին ընտրություններում կրած պարտությունից հետո Ջորջիայում արդյունքները չեղյալ հայտարարելու փորձի, ինչպես նաև պաշտոնաթողությունից հետո գաղտնի փաստաթղթերի հետ ոչ պատշաճ կերպով վարվելու համար:

Fox News պարբերականն իր հերթին նշում է, որ Թրամփին առաջադրված մեղադրանքներով մեղավոր ճանաչվելու դեպքում ազատազրկման առավելագույն ժամկետը կարող է կազմել 136 տարի:

Թրամփը 2024 թ.-ի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության առաջատար թեկնածուն է: Նա այս մեղադրանքները համարում է քաղաքական հետապնդում:

«Նրանք չեն կարող մեզ հաղթել ընտրատեղամասերում, հետևաբար, փորձում են մեզ հաղթել օրենքի միջոցով», - նշել է Թրամփը:

Դատական նիստից մեկ ժամ անց Թրամփը դուրս է եկել դատարանի դահլիճից և վերադարձել Ֆլորիդա, որտեղ «Մար ա Լագո» կալվածքի մոտ հավաքված են եղել նրա բազմաթիվ աջակիցներ: Թրամփը ելույթ է ունեցել նրանց առաջ՝ իր դեմ հարուցված քրեական գործն անվանելով միջամտություն ընտրություններին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն