Հայաստանում 117 կուսակցություն կա։ Այս պատմությունը հենց այս նախադասությամբ էլ կարող էր ավարտվել։ Բայց զարգացումը պակաս հետաքրքիր չէ։ 117 կուսակցություներից միայն 7-ն է կատարել օրենքի պահանջը։

Հայաստանի դեմոկրատական կուսակցություն, «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան», «Ադեկվադ», «Զարթոնք», «Մեր տունը Հայաստանն է», «Իմ հզոր համայնք»․ միայն այս կուսակցությունների անունները կարող ենք տեսնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնողների շարքում։ Ըստ օրենքի՝ այստեղ ևս 110 կուսակցության անուն պետք է լիներ։ Իհարկե, այլ հարց է, որ այդ անուններից շատերը քաղաքացիներից մեծ մասը երբեք չի էլ լսել։

Պետական ռեգիստրի գործակալության պետ Տաթև Մկրտչյանն ասում է՝ եթե կուսակցությունը չի հայտնել լիազորությունների ավարտի մասին, ապա պետք է կատարի օրենքի պահանջը․

«Այս ամբողջ գործընթացը հակակոռուպցիոն քաղաքականության մաս կազմող և միջոցառում հանդսացող գործընթաց է։ Բոլոր իրավաբանական անձանց իրական շահառուների բացահայտումը կոռուպցիոն տարբեր հանցագործությունների բացահայտման խնդիր է լուծում»։

Տաթև Մկրտչյանի խոսքով՝ իրավաբական անձը պետք է որոշի, թե որ ֆիզիկական անձն է փաստացի վերահսկողություն իրականացնում իր նկատմամբ և այդ անձին ներկայացնի որպես իրական շահառու։ Պարզ ասած՝ իրական շահառուն այն մարդն է, որը կանգնած է կազմակերպության սեփականության շղթայի վերջում։ Պարտադիր չէ, որ այդ մարդը լինի, օրինակ, կառույցի ղեկավարը։

Իրավաբանական գիտությունների թեկնածու Գրիգոր Բեքմեզյանը բացատրում է՝ երբեմն կազմակերպությունը վերահսկողի և որոշումներ կայացնողի անունն անգամ որևէ փաստաթղթով կապված չի երևում։ Նա ևս կարող է / պետք է համարվի իրական շահառու։

«Օրինակ՝ ինչ-որ մեկը ընկերություն է հիմնադրել, որպես հիմնադիր նշել է կնոջը, տատիկին, զոքանչին և այլն, բայց փաստացի ինքն է ղեկավարում այդ ընկերությունը, նրանք են ստորագրում, բայց ինքն է որոշումները կայացնում։ Այսինքն՝ այդ ընկերությունը ինչ անում է, ինչ գործունեություն ծավալում է, արդյունքում շահը գնում է դեպի այդ անձը, որը չի երևում ընկերության փաստաթղթերում, բայց ինքը կա»,- բացատրում է իրավաբանը։

Օրենքն ասում է նաև, որ իրական շահառու կարող են դիտվել նաև այն անձիք, որոնք ձայնի, քվեարկության իրավունք ունեն, տիրապետում են տվյալ իրավաբանական անձի 20 տոկոս և ավել բաժնեմասին։ Նաև նրանք, որոնք թեկուզ չունեն այս մասնակցությունը, բայց գործում են տվյալ իրավաբանական անձի հետ համաձայնեցված և ակնկալում են շահ։ Իրավաբանի խոսքով՝ այստեղ ամեն բան պարզ է, եթե խոսում ենք առևտրային կազմակերպության մասին։ Բայց հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, քաղաքական կուսակցությունների իրական շահառուն որոշելու հետ կապված հարցեր իրավաբանի մոտ ևս կան․

«Հասարակական կազմակերպությունը ստեղծվում է ինչ-որ անձանց իրավունքները պաշտպանելու համար։ Հիմնադրամների շահառուներն այն անձինք են, որոնք օգտվում են հիմնադրամի բարեգործությունից։ Քաղաքական կուսակցության շահառուները էլի քաղաքական կուսակցության անդամներն են»։

Ասում է՝ այս խմբերն առողջ տրամաբանությամբ պետք է գործեին մարդկանց լայն խմբի շահերը սպասարկելու համար։ Այսինքն՝ շահառուն պետք է ոչ թե, օրինակ, կազմակերպության նախագահը, խորհրդի անդամը, մասնաբաժին ունեցողը լինի, այլ, օրինակ, հաշմանդամություն ունեցողների իրավունքները պաշտպանող ՀԿ-ի դեպքում՝ հաշմանդումություն ունեցող անձինք։

«Հիմա տեսեք, մեր պետությունը, քանի որ փաստացի այդ իրավաբանական անձանց մասով չի կարող ասել՝ գնացեք, բերեք ձեր բոլոր անդամների տվյալները և ներկայացրեք որպես իրական շահառու (դա աբսուրդ է), ասում է՝ գիտե՞ք ինչ, քանի որ օրենքը ասում է՝ կարող է հանդես գալ նաև իրավաբանական անձի կառավարման մարմինը, ուրեմն դուք բերեք ներկայացրեք որպես իրական շահառու, ասենք, ՀԿ-ի տնօրենին, կամ խորհրդի նախագահին, որն իմ կարծիքով ճիշտ չէ։

Որովհետև ինքը, այդ ընկերությունը կառավարելով, կամ իրավաբանական անձը ղեկավարելով, ընդամենը ստանում է աշխատավարձ ու գործում է ի շահ իրական շահառուների»։

ՀԿ-ները, հիմնադրամները, կուսակցությունները ևս կարող են ունենալ կոնկրետ մեկ իրական շահառու, եթե, օրինակ, ստեղծվել են կոնկրետ անձի, ոչ թե հանրության շահերը սպասարկելու համար։

Այնուամենայնիվ, օրենքն ասում է՝ գտեք և նոր կայացրեք կուսակցության իրական շահառուին։ Դա քչերն են անում։ «Ռադիոլուրը» փորձեց պարզել՝ ինչու՞։ «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության նախագահ Մանուկ Սուքիասյան․

-Ժամկետները կարծես սպառվել են, տեղյակ ե՞ք այդ մասին, ի՞նչ եք պատրաստվում անել։

-Այո, տեղյակ ենք։ Քանի որ ID-ն ժամկետանց էր, նոր ID-ների վրա չիպեր չկար, որ փոխարինելու դեպքում պետք էր լիազորագիր, համակարգը գերծանրաբեռտված էր և այլն և այլն։ Հիմա, անգամ եթե դրա համար ինձ պետք է վարչական պատասխանատվության ենթարկեն կամ զգուշացման, մենք պատրաստ ենք դրան։ Զուտ տեխնիկապես է անհանր եղել, բայց այդ ուղղությամբ քայլեր ենք ձեռնարկում։ Երևի թե առաջիկա 1 շաբաթվա կամ 10 օրվա ընթացքում կներկայացնենք։

«Հայկանդուխտ» ավանդապաշտ-ժողովրդավարական կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյան․

-Ցանկանցում էինք իմանալ՝ Ձեր կւսակցությունը ներկայացրե՞լ է իրական շահառուի մասին հայտարարագիր։

-Գիտեք ինչ, մեզ մոտ ինչ է, մեզ մոտ ֆինանսների խնդիր է, արդեն մի քանի ժամանակ ա, կասեցված վիճակ չի, զրոյական հաշվետվություններ ենք ներկայացնում։ Ներկայացրել ենք զրոյական տարբերակով, չունենք ոչ գույք, ոչ մի բան, ոչ աշխատավարձ կամ նման բաներ։

-Խոսքը իրական շահառուի մասին հայտարարագրի մասին է, ո՞վ է ձեր իրական շահառուն։

-Ներկայացրել ենք, ծանոթ հաշվապահ ունեինք, մյուս կուսակցության հետ այդ հաշվապահին խնդրեցինք, ներկայացրեցինք։

-Բայց ինձ տվյալներ են ներկայացրել, որտեղ Ձեր անունը ներառված չէ։ 7 կուսակցություն է միայն ներկայացրել։

-Գիտեք, հիմա ճիշտն ասած, աղջկաս մոտ է այդ փաստաթղթերը։

Պետական ռեգիստրի գործակալության պետ Տաթև Մկրտչյանի փոխանցմամբ՝ սահմանված ժամկետում իրական շահառուի վերաբերյալ հայտարարագիր չներկայացրած կուսակցությունները վարչական պատասխանատվության են ենթարկվելու․

«Սահմանված ժամկետն արդեն ավարտվել է, մեզ մոտ արդեն վարչական վարույթների հարուցման փուլն է։ Վարչական վարույթը հարուցելուց հետո, եթե 15-օրյա ժամկետում կուսակցությունը ներկայացնի հայտարարագիրը, վարչական վարույթը տվյալ հիմքով կկարճվի․ կա՛մ նախազգուշացում է տրվում, կա՛մ 30-100 000 դրամի չափով տույժ»։

Հարցին՝ որքանո՞վ է համապատասխանում մինչև 100 000 դրամ տուգանքը հակակոռուպցիոն քաղաքականության մասը կազմող այս պահանջի բովանդակության հետ, արդյո՞ք այդ տուգանքը պետք է խանգարի, օրինակ, կոռուպցիոն գործունեություն ծավալող իրավաբանական անձանց, Մկրտչյանը պատասխանում է՝ ընտրվել է և՛ մեծ, և՛ փոքր կուսակցությունների համար միջինացված տուգանք։ Այն հետագայում կարող է փոփոխվել։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն