Պայթյուն՝ Ճապոնիայի վարչապետի ելույթի համար նախատեսված վայրի մոտ
ՌԱԶՄԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՓՈՐՁ ՍՈՒԴԱՆՈՒՄ
Սուդանում ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել՝ հայտնում են տեղական լրատվամիջոցները: Մայրաքաղաք Խարթումում կրակոցներ և պայթյուններ են լսվել: Բախումներ են եղել Արագ արձագանքման ուժերի և Սուդանի կանոնավոր բանակի միջև։ Արագ արձագանքման ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ ԶՈՒ ծառայողներն ավիահարվածներ են հասցրել և գրավել Խարթումի հարավում գտնվող իրենց բազան։ Խարթումի նախագահական պալատի բոլոր մուտքերն արգելափակված են: Լրատվամիջոցների տվյալով՝ Սուդանի արագ արձագանքման ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարթումի և երկրի հյուսիսում գտնվող Մերովե քաղաքի օդանավակայանները։ Հատուկջոկատայինները գրավել են Մերովեի ավիաբազայում գտնվող ռուսական արտադրության մի քանի ինքնաթիռ: Հաղորդվում է տուժածների և զոհերի մասին:
Սուդանի բանակի ներկայացուցիչը հայտարարել է, որ զինվորականները նախահարձակ չեն եղել, այլ փորձել են հետ մղել Արագ արձագանքման ուժերի հարձակումն իրենց ստորաբաժանումների վրա:
Սուդանի ընդդիմադիր «Հանուն ազատության և փոփոխության» շարժումն անցած շաբաթ հայտարարեց, որ երկրում անցումային քաղաքացիական իշխանություն ստեղծելու մասին քաղաքական համաձայնագրի ստորագրումը հերթական անգամ հետաձգվում է՝ երկրի ռազմական ուժերի միջև կոնսենսուսի բացակայության պատճառով:
Նշվում է, որ Սուդանի զինված ուժերի հրամանատարը և Արագ արձագանքման ուժերի ղեկավարը, որոնք մինչև երկրի նախկին նախագահ Օմար ալ-Բաշիրի պաշտոնանկությունը ենթարկվում էին անմիջապես պետության ղեկավարին, տարաձայնություններ ունեն՝ Արագ արձագանքման ուժերին երկրի բանակում ինտեգրելու և Զինված ուժերի գլխավոր հրամանատար ընտրելու հետ կապված:
ՊԱՅԹՅՈՒՆ ՃԱՊՈՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵԼՈՒՅԹԻ ՎԱՅՐԻ ՄՈՏ
Ճապոնիայի Վակայամա քաղաքում վարչապետ Ֆումիո Կիսիդայի ելույթի համար նախատեսված վայրի մոտ պայթյուն է որոտացել՝ հայտնում են տեղական լրատվամիջոցները: Սաիգասակի ձկնորսական նավահանգստի զննումը ավարտելուց հետո վարչապետը պետք է հանրության առաջ հանդես գար ելույթով, սակայն դրանից անմիջապես առաջ մի երիտասարդ Կիսիդայի ուղղությամբ գլանաձև սև առարկա է նետել։ Իրավապահները ձերբակալել են տղամարդուն:
Իշխանությունները հայտնել են, որ տեղի ունեցածի պատճառով Կարուիձավա քաղաքում նախատեսված G7-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումների ժամանակացույցը չի փոխվի: Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 16-18-ը:
ՆԱՏՕ-Ի ԽՆԴԻՐԸ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ Է. ՔԱԼԸՆ
Շվեդիան կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին՝ միայն Թուրքիայի հիմնական պահանջի կատարման դեպքում՝ հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը։ Իբրահիմ Քալընը նշել է, որ խոսքը ահաբեկչության դեմ պայքարում կոնսենսուսի բացակայությունն է։ Անկարան, մասնավորապես, Ստոկհոլմից պահանջում է արտահանձնել Թուրքիայում ահաբեկիչներ ճանաչված անձանց:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ում Թուրքիայի դաշնակիցները պետք է համերաշխ լինեն ահաբեկչությանը հակազդելու հարցում։ «ՆԱՏՕ-ն զբոսաշրջության գործակալություն կամ մշակութային միություն չէ։ Դաշինքի առաջին խնդիրը կազմակերպության անդամ պետությունների անվտանգության ապահովումն է»,- հավելել է պաշտոնյան:
ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՄԱՍԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՓԱԹԵԹԸ
Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը մասամբ հավանություն է տվել կենսաթոշակային փոփոխություններին և հաստատել թոշակի անցնելու տարիքը մինչև 64 բարձրացնելու իշխանությունների որոշումը: Սահմանադրական խորհրդի շենքի դիմաց ցուցարարների և իրավապահների միջև բախումներ են եղել, ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել՝ փորձելով ցրել քաղաքացիներին, որոնք պահանջել են չեղարկել փոփոխությունները:
Սահմանադրական խորհրդի որոշումից հետո օրենքը ստորագրել է Ֆրանսիայի նախագահը: Ավելի վաղ Էմանուել Մակրոնը արհմիությունների ներկայացուցիչներին հրավիրել էր ապրիլի 18-ին քննարկելու կենսաթոշակային փոփոխությունների ծրագիրը, սակայն արհմիությունները հայտարարել են, որ կհրաժարվեն հանդիպումից, եթե Ելիսեյան պալատի ղեկավարը ստորագրի օրենքը:
Մինչ այդ Ֆրանսիայի խոշոր քաղաքներում և մայրաքաղաք Փարիզում բազմահազարանոց բողոքի ակցիաներն ահագնանում են. բախումներ, ծեծկռտուք, վիրավորներ, ավերածություններ, հարյուրից ավելի ձերբակալվածներ:
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան