12մ «MAN» մակնիշի նոր ավտոբուսներն արդեն շահագործվում են
Երևանի ձեռք բերած 12 մետրանոց գերմանական «MAN» մակնիշի նոր ավտոբուսների առաջին խմբաքանակն այսօր դուրս եկավ ուղեգիծ: Համար 1 ավտոբուսային նոր երթուղին կաշխատի 14 շարժակազմով: Այն Աջափնյակը կենտրոնով կկապի Քանաքեռ-Զեյթունին:
Ավտոբուսների հավաքակայան է այցելել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, զրուցել վարորդների հետ և ընդգծել՝ նոր ավտոբուսներով քաղաքացիներին պետք է մատուցվի նոր որակի ծառայություն:
«Այսօրվանից փուլ առ փուլ երթուղի են մտնելու 87 գերմանական «MAN» մակնիշի 12մ և 8.6մ 150 «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները։ Ուզում եմ վստահեցնել, որ պատշաճ ծառայութուններ ենք մատուցելու մեր քաղաքացիներին, և այն խնդիրները, որ կան այսօր տրանսպորտային ոլորտում, նվազեցնելու ենք։ Ծրագիրն իրականացվում է մեր գործընկերների՝ ՎԶԵԲ-ի, Եվրամիության և, իհարկե, ՀՀ Կառավարության աջակցությամբ: Բացի այդ, կլինի դա տրանսպորտայի ռեֆորմ, թե այլ ծրագիր, մեր քաղաքացիենրը պետք է իմանան, որ բոլոր հարկերը և տուրքերը, որոնք վճարում են իրենք, հիմա մաքսիմալ օգտագործվում են իրեց օգատակար գործողության գործակցով»,-ընդգծել է փոխքաղաքապետը:
ԵՐԹՈՒՂԻ — Չաուշի հրապարակից Բաշինջաղյան, Մարգարյան, Հալաբյան, Լենինգրադյան փողոցներով, ուղեգիծը կշարունակվի Ծիծեռնակաբերդի խճուղով ու Աթենքի փողոցով դեպի «Հաղթանակի» կամուրջ, այնուհետ Մաշտոցի պողոտայով, Կորյունի, Աբովյան փողոցներով կբարձրանա դեպի Սարալանջ ու Ազատության պողոտա, Պ.Սևակի, Կ.Ուլնեցու, Է. Հասրաթյան, Զ. Քանաքեռցու փողոցներ, Թբիլիսյան խճուղով կհասնի մինչև Հյուսիսային ավտոկայարան: Հետադարձը՝ նույն ուղեգծով:
12 մետրանոց նոր ավտոբուսները կարող են տեղափոխել 25 նստած և 80 կանգնած ուղևոր: Շարժակազմերն ունեն օդափոխության և տաքացման համակարգեր:
Ավտոբուսները ցածրահատակ են և հարմարեցված են նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար: Այստեղ նաև առանձին հատուկ նստատեղեր են նախատեսված:
Սրահը կահավորված է անվտանգության համակարգերով ու տեսախցիկներով: Ավոտբուսներն աշխատում են սեղմված բնական գազով, ինչը հատկապես կարևոր է բնապահպանական ու «կանաչ քաղաք» գաղափարի իրագործման առումով:
Սահմանված հստակ ժամանակացույց, հարմարավետ ավտոբոսներ: Համայնքը սկսել է միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթացը, ինչը միանգամայն կհեշտացնի ու առավել հարմարավետ կդարձնի վճարումը:
Նախատեսվում է նաև հանրային տրանսպորտի համար երթևեկության առանձնացված գծեր ունենալ: Կկառուցվեն նաև ժամանակակից կանգառասրահներ:
«Եթե 80 ավտոմեքենա միջինում տեղափոխում է 100-120 մարդու, ապա 1 ավտոբուսը այդ նույն քանակն է գրեթե տեղափոխում։ Ուստի ավտոբուսը պետք է ունենա առավելություն և առանձնացված գիծ։ Գործըթնացը կսկսենք մայիսից»,-մանրամասնում է Տիգրան Ավինյանը:
14 նոր «Ժոնգ Թոնգ» մակնիշի ավտոբուսներն էլ համալրել ու սպասարկում են գործող համար 58 ավտոբուսային երթուղին: 8.6 մետրանոց՝ ավելի քան 60 ուղևոր փոխադրելու հնարավորությամբ ավտոբուսներն էապես կբարելավեն ուղեգծի աշխատանքը, կկրճատեն քաղաքացիների սպասելու ժամանակը:
Նոր ուղեգիծն սկսում է Էրեբունու զանգվածից, ապա Խաղաղ Դոնի, Տիտոգրադյան, Այվազովսկու, էրեբունու, Աթոյան, Բելինսկու և Ս.Դավթի փողոցներով դուրս է գալիս Տ.Մեծի պողոտա, Հանրապետության հրապարկ, Ամիրյան փողոց, Մաշտոցի, Մարշալ Բաղրամյան պողոտաներով կշարժվի Կասյան փողոց, Կոմիտասի, Ազատության պողոտաներ, որից հետո ուղեգիծը կշարունակվի Պ.Սևակի, Ռուբինյանց, Խուդյակովի, Ն.Սաֆարյան, Մարշալ Բաբաջանյան, Աշխաբադի փողոցներով դեպի Ավան-Առինջի վերջնականգառ: Հետադարձը՝ նույն ուղեգծով է:
Առաջիկա ամիսներին ներկրված բոլոր ավտոբուսները հերթով երթուղի դուրս կգան: Ավտոբուսների ձեռքբերումը հասարակական տրանսպորտի բարեփոխումների միայն մի բաղադրիչն է: Համայնքային իշխանությունը կշարունակի աշխատանքները՝ խնդիրը համակարգային և վերջնական լուծելու համար:
«Փոխարինելու ենք հին չինական ավտոբուսները էլեկտրոավտոբուսներով, 18մ ավտոբուսներ ենք ունենլու, ներդրվելու է կառավարման համակարգ»,-նշում է Տիգրան Ավինյանը։