Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկի՝ Nvidia ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգին: 

Վարչապետը ողջունել է պարոն Հուանգի այցը Հայաստան և նշել, որ ջերմությամբ է հիշում 2019 թվականին Սիլիկոնյան հովտում տեղի ունեցած իրենց հանդիպումը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Nvidia-ի կողմից մեր երկրում գիտահետազոտական կենտրոնի հիմնումը, որի բացումը տեղի է ունեցել նախորդ տարի: Վարչապետը հավելել է, որ ՀՀ կառավարության համար բարձր տեխնոլոգիաների ոլորտը համարվում է առաջնահերթություն և գործադիրը շարունակելու է ստեղծել պայմաններ ու հնարավորություններ՝ ՏՏ ոլորտի նորանոր ընկերություններ ներգրավելու համար:



Ջենսեն Հուանգը նշել է, որ տպավորված է Հայաստանով, այստեղ բարձր տեխնոլոգիաների բնագավառում առկա ներուժով ու մարդկային կապիտալով: Nvidia ընկերության հիմնադիրը հավելել է, որ Հայաստանում ՏՏ ոլորտն ունի հետևողական զարգացման լայն հնարավորություններ ու հեռանկարներ, և իրենց ընկերությունը շարունակելու է արդյունավետ գործունեությունը մեր երկրում:



Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ինժեներական կրթության զարգացմանը, բարձր տեխնոլոգիական ոլորտի հետագա առաջընթացին, ինչպես նաև ՀՀ կառավարության և Nvidia-ի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր ու ծրագրեր: 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն