Լաչինի միջանցքում պետք է լինի մարդկանց ազատ տեղաշարժ. ԱՄՆ պետքարտուղարություն
ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի վրա Ադրբեջանի կողմից հսկիչ անցակետի ապօրինի տեղադրմանը:
«Ինչպես տեսաք՝ հանգստյան օրերին մենք հայտարարեցինք, որ Պետքարտուղարությունը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքում անցակետի ստեղծմամբ։ Անկեղծ ասած, դա խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը, և մենք այն կարծիքին ենք, որ Լաչինի միջանցքում պետք է լինի մարդկանց և բեռների ազատ և բաց տեղաշարժ։ Ավագ խորհրդական Բոնոն, պետքարտուղարի օգնական Հոգանը, պետքարտուղարը՝ մենք պատրաստվում ենք շարունակել խորապես ներգրավված մնալ այս հարցում»,- ասել է Պատելը:
Հարցին` արդյոք ԱՄՆ ներկայացուցիչները տեղում բանակցությունների ընթացքում չէին տեսնում, որ նման գործողություն էր նախապատրաստվում, Պատելը պատասխանել է, որ չի պատրաստվում դիվանագիտական գնահատականների կամ տեղում կայացած զրույցների մամրամասների մեջ խորանալ: