Թուրքիայի նախագահ Էրդողանը չեղարկել է նախընտրական հանրահավաքները
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մայիսի 14-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններից շաբաթներ առաջ չեղարկել է չորեքշաբթի և հինգշաբթի իր ծրագրված նախընտրական հանրահավաքները՝ առողջական պատճառներով։
«Այսօր ես կհանգստանամ տանը՝ բժիշկների խորհրդով»,- չորեքշաբթի գրել է Էրդողանը Թվիթերի իր էջում։
Ավելի ուշ Արդարություն և զարգացում կուսակցության փոխնախագահ Էրքան Կանդեմիրն ասել է, որ Էրդողանը հինգշաբթի օրը տեսահոլովակով մասնակցելու է հարավային Մերսին նահանգի Աքքույու ատոմակայանում կայանալիք արարողությանը։
«Մեր Մերսինի հանրահավաքը նույնպես նախատեսվում է անցկացնել ապագայում», — գրել է նա Թվիթերում։
Երեքշաբթի ուշ երեկոյան Էրդողանը ուղիղ եթերում իրեն վատ է զգացել, հեռարձակումն ընդհատվել է։
Այս ընտրություններն ամենամեծ ընտրական մարտահրավերն են ժամանակակից Թուրքիայի ամենաերկարակյաց ղեկավարի համար, այն բանից հետո, երբ ապրուստի ծախսերի ճգնաժամը խաթարեց Էրդողանի աջակցությունը: Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ Էրդողանը կարող է պարտվել երկու տասնամյակ իշխանությունից հետո: