ԵՄ առաքելությունը օգտակար տեղեկություններ է տալիս որոշումների ընդունման համար. Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար
Հայաստանի և ԵՄ դիտորդական առաքելության համագործակցությունը դրական արդյունք է տալիս։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ջերմուկ այսօր կատարած այցելության ժամանակ ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան։
Ջերմուկում նրան դիմավորել են ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը: Կատրին Կոլոննային ուղեկցել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Մեզ համար դրական արդյունքներ է տալիս այդ աշխատանքը։ Այն մեզ հնարավորություն է տալիս դիտորդական աշխատանքի շնորհիվ տեղից տեղեկություններ ստանալ, որոնք օգտակար են ԵՄ անդամ պետությունների համար։ Սա դիտորդական առաքելություն է, զինված առաքելություն չէ, նպատակը պարզապես հետևելն է իրավիճակին, սակայն ամեն դեպքում այդ ներկայությունը հնարավորություն է տալիս լարվածությունը թուլացնել»,- ասել է Կատրին Կոլոնան։
«Միանշանակ, ես բարձր եմ գնահատում Եվրամիության դիտորդական աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում։ Այդ աշխատանքով Ադրբեջանի զինված ուժերը իրենց առավել զսպված են զգում։ Այնպես որ շատ լավ է ստացվում աշխատանքը Հայաստանի սահմանների երկայնքով»,- ասել է Ասրյանը