Վարշավան բռնագրավել է Լեհաստանում ՌԴ դեսպանատանը կից դպրոցը
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆԵԼ Է ՍՏԱՄԲՈՒԼ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ։ Ալիևին և նրա տիկնոջը՝ Մեհրիբան Ալիևային, օդանավակայանում դիմավորել է Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանքը։ Այնուհետև Ադրբեջանի նախագահը Թուրքիայի ղեկավարի հետ մասնակցել է «Տեքնոֆեստ» օդատիեզերական տեխնոլոգիաների փառատոնին: Սա առաջին միջոցառումն էր, որին մասնակցել է Էրդողանը՝ առողջական խնդիրների մասին քննարկումներից հետո: Էրդողանն ու Ալիևը փառատոնի անցկացման վայր են գնացել առաջին թուրքական էլեկտրամեքենայով։ Ղեկին եղել է Ադրբեջանի նախագահը։
«Տեքնոֆեստ»-ի ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հանդես են եկել ելույթներով: Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Անկարան Ղարաբաղյան 2-րդ պատերազմի առաջին րոպեներից մինչև վերջին րոպեն եղել է Բաքվի կողքին:
«Էրդողանն իր հայտարարություններով և ուղերձներով հստակորեն սատարում էր Ադրբեջանին: Նա ասաց, որ Ադրբեջանը մենակ չէ, Թուրքիան Ադրբեջանի կողքին է, և դա մեզ լրացուցիչ ուժ, լրացուցիչ ոգի տվեց»,- հայտարարել է Իլհամ ալիևը:
Նրա խոսքով՝ Թուրքիան այսօր Եվրասիայի առևտրային, էներգետիկ, տրանսպորտային, քաղաքական կենտրոնն է, թուրքական հզոր արդյունաբերությունն ուժեղացնում է ինչպես Թուրքիային, այնպես էլ նրա դաշնակիցներին, իսկ թուրքական բանակն այսօր աշխարհի ամենազարգացած բանակներից մեկն է, իր ելույթում նշել է Ադրբեջանի նախագահը:
ՎԱՐՇԱՎԱՆ ԲՌՆԱԳՐԱՎԵԼ Է ՌԴ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ ԿԻՑ ԴՊՐՈՑԸ
Այսօր Վարշավայի իշխանությունները ներխուժել են ՌԴ դեսպանատանը կից դպրոց, փակել դարպասները և սկսել շենքը հօգուտ Լեհաստանի առգրավելու գործընթացը: Երեկ Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ մտադիր է առգրավել անշարժ գույքի օբյեկտները, որոնք Ռուսաստանը, Վարշավայի բնորոշմամբ, զբաղեցնում է անօրինական:
Լեհաստանի ԱԳՆ-ն հայտարարել է անշարժ գույքը պետական գանձապետարանին հանձնելու և այդ շենքերում Ուկրաինայում պատերազմի հետևանքով տուժածներին տեղավորելու մտադրության մասին: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Լեհաստանին մեղադրել է դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան խախտելու համար: Ռուսաստանի ԱԳՆ-ն կատարվածը գնահատել է որպես «դպրոցի զավթում» և «հերթական ոտնձգություն Ռուսաստանի դիվանագիտական անշարժ գույքի նկատմամբ»։
Միջադեպից հետո Թվիթերի իր պաշտոնական էջում ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևն առաջարկել է ընդհուպ խզել դիվանագիտական հարաբերությունները Լեհաստանի հետ:
«Այդ երկիրը չպետք է գոյություն ունենա Ռուսաստանի համար, քանի դեռ այնտեղ ռուսատյացներից բացի այլ մարդ չկա իշխանությունում»,- գրել է նա:
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԶՈՒ-Ն ՀԱԿԱՀԱՐՁԱԿՈՒՄ Է ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՂՐԻՄԻ ՎՐԱ. ԶԵԼԵՆՍԿԻ
Ուկրաինայի Զինված ուժերը հակահարձակում են նախապատրաստում Ղրիմի վրա, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, բայց չի նշել հակահարձակման ժամկետները։ Զելենսկին ասել է, որ վստահ է թերակղզու վրա հարձակման ժամանակ Ուկրաինայի զինված ուժերի հաջող առաջխաղացման հարցում, համոզված է, որ ուկրաինական բանակը կարող է հետ մղել ռուսական ուժերը և վերականգնել Ուկրաինայի հսկողությունը Ղրիմի թերակղզու հանդեպ։
Միաժամանակ Զելենսկին ընդգծել է, որ դա անելու համար Արևմուտքը պետք է զենքով ապահովի ուկրաինական բանակին։ Նա նաև չի բացառել, որ ուկրաինական հակամարտությունը կարող է տևել մի քանի տարի կամ նույնիսկ տասնամյակներ։ Ղրիմում Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման հաջողությանը թերահավատորեն են վերաբերվել:
ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ
Հունգարիա կատարած այցի շրջանակում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդիպել է ուկրաինացի փախստականների հետ: Պոնտիֆիկոսը շնորհակալություն է հայտնել Հունգարիայի իշխանություններին երկրի հովանու ներքո փախստականներին հյուրընկալելու համար: Ավելի վաղ Հռոմի պապը պատարագ է մատուցել Սուրբ Եղիսաբեթ եկեղեցում, որից հետո մասնակցել է հունական կաթոլիկ եկեղեցում անցկացվող պատարագին: Այսօր Ֆրանցիսկոս պապի՝ Հունգարիա կատարած եռօրյա այցի երկրորդ օրն է:
ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՏԱՐՀԱՆՈՒՄԸ ՍՈՒԴԱՆԻՑ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Հարյուրավոր ամերիկացիներ լքել են Սուդանը՝ ցամաքով, ծովով կամ օդով, վերջին մի քանի օրերի ընթացքում, հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը: Ավելի վաղ The New York Times-ը գրել էր, որ Միացյալ Նահանգները սկսել է ամերիկացիների տարհանումը Սուդանից։ Նշվում էր, որ ԱՄՆ զինվորականները երթուղու երկայնքով անօդաչու սարքերի միջոցով վերահսկում են սպառնալիքները։
Լրատվամիջոցները հայտնում են նաև, որ բրիտանացիների տարհանումն էլ կավարտվի այսօր։ Ապրիլի 25-ից Մեծ Բրիտանիան ընդհանուր առմամբ տարհանել է 1573 քաղաքացու։ Սուդանում արևմտյան դեսպանատների մեծ մասը տարհանվել է ռազմական գործողությունների սկսվելուց մեկ շաբաթ անց, ինչի հետևանքով Սուդանի վիզաների դիմորդներից շատերը մնացել են առանց ճամփորդական փաստաթղթերի և հայտնվել իրավական անորոշության մեջ:
Որոշ դեպքերում դեսպանատների աշխատակիցները խորհուրդ են տվել մարդկանց «դիմել նոր սուդանական անձնագիր ստանալու համար»՝ չնայած հակամարտությունը կաթվածահար է արել Սուդանի պետական ծառայությունների աշխատանքը։