Թուրքիայում իշխանությունն ու ընդդիմությունը հազարավոր կողմնակիցների հանել են փողոց
Ուժի ցուցադրում համընդհանուր ընտրություններից երկու շաբաթ առաջ. Թուրքիայում իշխանություններն ու ընդդիմությունը հազարավոր կողմնակիցների դուրս են բերել փողոց։
Կիրակի Անկարայում գործող նախագահ և իսլամական պահպանողական Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանրահավաք է անցկացրել։ Իր ելույթում նա, որ երկիրը ղեկավարում է 2003 թվականից, խոստացել է «Աստծո օգնությամբ ոչնչացնել ընդդիմությանը»։
Մի շարք դիտորդներ նշում են, որ իշխանության և իշխող ԱԶԿ-ի ներկայացուցիչները լարվածության մթնոլորտ են ստեղծում և փորձում են «քրեականացնել» իրենց հակառակորդներին։ Օրերս ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն զուգահեռ է անցկացրել մայիսի 14-ի քվեարկության և 2016-ի ձախողված հեղաշրջման միջև։
Աթաթուրքի հիմնադրած Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն իր ընտրողներին խոստացել է «Թուրքիան կրկին դարձնել դեպի լույսը» և «վերականգնել թուրքական ժողովրդավարությունը»։ Նախագահական ընտրություններում նա առաջադրվել է ընդդիմադիր վեց կուսակցությունների կոալիցիայի կողմից։
74-ամյա սոցիալ-դեմոկրատի հանրահավաքը տեղի է ունեցել Իզմիրում՝ Էգեյան ծովի ափին, որտեղ, ինչպես նաև Ստամբուլում, ընդդիմության դիրքերն ամուր են։ Նախորդ ընտրություններում Էրդողանը Իզմիրում, որը երկրի մեծությամբ երրորդ քաղաքն է, հավաքել էր ձայների մեկ երրորդից էլ պակաս:
Տարբեր հարցումների համաձայն՝ Քըլըչդարօղլուն առնվազն 5 տոկոսային կետով գերազանցում է իր մրցակցին, մինչդեռ խորհրդարանական ընտրություններում, որոնք կանցկացվեն նույն օրը՝ մայիսի 14-ին, առավելություն ունի իշխող կուսակցությունը։