Եգիպտոսում Ռուսաստանի մասնակցությամբ սկսվել է «Էլ-Դաբաա» ԱԷԿ-ի երրորդ էներգաբլոկի շինարարությունը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:

«2023 թ. մայիսի 3-ին Եգիպտոսի «Էլ-Դաբաա» ատոմակայանի շինհրապարակում «առաջին բետոնն» են լցրել թիվ 3 էներգաբլոկի հիմքի սալիկում: Երրորդ էներգաբլոկի շինարարությունն անցել է հիմնական փուլ», - հաղորդում է «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիայի ինժեներական բաժանմունքի մամուլի ծառայությունը։

«Ռոսատոմ»-ի ինժեներական բաժանմունքը «Էլ-Դաբաա» ատոմակայանի կառուցման գլխավոր նախագծողն ու գլխավոր կապալառուն է։

2022 թ.-ին սկսվել է Եգիպտոսի առաջին ատոմակայանի՝ «Էլ-Դաբաա»-ի թիվ 1 և թիվ 2 էներգաբլոկների շինարարությունը։ Այս տարվա մարտի վերջին Եգիպտոսի միջուկային և ռադիոլոգիական կարգավորման վարչությունը (ENRRA) տվել է թիվ 3 էներգաբլոկի շինարարության թույլտվությունը։

«Էլ-Դաբաա» ատոմակայանը կտեղակայվի Կահիրեից 350 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մաթրուհի նահանգում, որը գտնվում է Միջերկրական ծովի ափին։ Կայանի կազմում կլինի «3+» սերնդի չորս էներգաբլոկ, որոնք համապատասխանում են արդյունավետության և անվտանգության միջազգային ամենաբարձր պահանջներին։ Ատոմակայանի ընդհանուր սահմանված էլեկտրական հզորությունը կկազմի գրեթե 4,8 ԳՎտ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն