«Կոչ ենք անում կողմերին անհապաղ և խաղաղ եղանակով կարգավորել միջադեպը». ԱՄՆ-ն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տիրող վերջին զարգացումներով, այդ թվում՝ «մի քանի հայ զինվորների կալանավորմամբ»
ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել հայ զինվորների գերեվարման առնչությամբ և կոչ արել հարթել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:
«ԱՄՆ-ն մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին տիրող վերջին զարգացումներով, այդ թվում՝ ադրբեջանական ուժերի կողմից մի քանի հայ զինվորների կալանավորմամբ: Կոչ ենք անում կողմերին անհապաղ և խաղաղ եղանակով կարգավորել միջադեպը: Շարունակում ենք նաև կոչ անել Ադբեջանին անմիջապես ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և այլ պահվող անձանց և հիշեցնում ենք Ադրբեջանին միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում իր պարտավորվածությունների մասին, այն է՝ մարդկային վերաբերմունք դրսևորել բոլոր կալանված անձանց նկատմամբ:
Միացյալ Նահանգները սադրիչ և անհարկի է համարում ցանկացած տեղաշարժ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի չսահմանագծված հատվածներում: Մերժում ենք ուժի կիրառումը սահմանագծման նպատակով և կոչ անում երկու կողմին վերադառնալ իրենց նախկին դիրքեր և դադարեցնել ռազմական ամրացումները և ականների տեղադրումը չսահմանագծված սահմանին: Մասնավորապես կոչ ենք անում Ադրբեջանին տեղափոխել զորքերը մայիսի 11-ի դրությամբ եղած դիրքեր: Հայաստանին ևս կոչ ենք անում տեղակայել իր ուժերը մայիսի 11-ի դրությամբ եղած դիրքերում և ողջունում ենք այդ նպատակով արվող հայտարարությունները: Այս գործողությունները կնպաստեն լարվածությունների ապաէսկալացիային և պայմաններ կստեղծեն խաղաղ բանակցությունների գործընթացի համար՝ ուղղված սահմանագծմանը: ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել այս ջանքերին»,- ասվում է Պետքարտուղարության հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ ԱՄՆ-ն կոչ է անում կողմերին հնարավորինս շուտ վերադառնալ առարկայական բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ ԼՂ հակամարտությանը երկարաժամկետ քաղաքական լուծում գտնելու նպատակով: