Թուրքիայում այսօր կայացել են նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Քվեարկության գործընթացն ավարտվել է ժամը 17։00-ին, սկսվել է ձայների հաշվարկը:

Քվեարկության արդյունքները բարձրագույն ընտրական խորհուրդը պաշտոնապես կհայտարարի յուրաքանչյուր ժամը մեկ, իսկ նախնական արդյունքները հայտնի կդառնան ժամը 23:59-ին։

Նախագահի պաշտոնի համար առաջադրված է 3 թեկնածություն. Ռեջեփ Թայիփ Էրդողան («Ժողովուրդ» դաշինք), Քեմալ Քըլըչդարօղլու («Ազգ» դաշինք) և Սինան Օղան («Նախնի» դաշինք)։ Մայիսի 11-ին նախագահի չորրորդ թեկնածուն՝ «Երկիր» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն ետ է վերցրել թեկնածությունը, սակայն նրա անունը շարունակելու է լինել քվեաթերթիկում։

Խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 24 քաղաքական կուսակցություն և 151 անկախ թեկնածու։

«Էրմենիհաբերը» գրում է, որ սոցցանցերում արդեն տեղ են գտել մի շարք տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ և «Ժողովուրդ» դաշինքի նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու քեմալական, գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ և «Ազգ» դաշինքի նախագահի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի կողմնակիցները վեճի բռնվում, որից հետո էլ սկսվում է ծեծկռտուք։ 

Խոշոր ծեծկռտուք է տեղի ունեցել, օրինակ, Ստամբուլ քաղաքի Բահչելիեվլեր շրջանի ընտրատեղամասերից մեկում։

Haber Global-ի փոխանցմամբ՝ փայտերով և քարերով կռիվ է տեղի ունեցել Շանլըուրֆայում տարբեր թեկնածուների քվեարկած երկու աշիրեթների միջև։

Քվեարկության գործընթացն աչքի է ընկնել մի շարք ուշագրավ դեպքերով ևս։ Թուրքիայի պետական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ 3 անձ տարբեր ընտրատեղամասերում սրտի կաթված է ստացել։ Նրանք ավելի ուշ մահացել են հիվանդանոցում։

Ընտրատեղամասեր քվեարկություն կատարելու են գնացել նաև հիվանդներն ու տարեցները։ Այսպես, Շանլըուրֆայի Սիվերեք շրջանի ընտրատեղամաս քվեարկության է գնացել թթվածնի անբավարարություն ունեցող տարեց կին։

«Էրմենիհաբերը» գրում է նաև, որ համապետական ընտրություններում մի շարք ընտրախախտումներ են գրանցվել։ Ընտրախախտումների դեպքերի մասին տեղեկությունները տարածվել են սոցցանցերում և նաև թուրքական մամուլում։

Ընդդիմադիր «ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Բուրաք Էրբայը թուրքական Tele1-ին հայտնել է, որ Էրզրում նահանգի Փալանդոքեն շրջանում տեղակայված ընտրատեղամասում մի անձ ընտրատեղամասի ղեկավարի և ժանդարմերիայի ներկայացուցչի հետ է մտել քվեարկության։

«Ընտրատեղամասի խորհրդի նախագահը ստեղծել է մի միջավայր, որի շնորհիվ քվեարկության խցիկի ետևում մարդկանց ամբոխի մեջ բազմակի (մեկ անձը քվեարկում է մի քանի անգամ-խմբ․) քվեարկություն է անցկացվում։ Անձը, ում փոխարեն քվեարկել են, եղել է գրել կարդալ չիմացող մեկը։ Մենք գնացինք այդ շրջան և բողոքարկեցինք»,- ասել է Էրբայը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն