Երևանի քաղաքապետարանը մտադիր է փոխել մայրաքաղաքի ճանապարհների սպասարկման մեթոդաբանությունը։

Մայիսի 15-ին հարցը քննարկվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը հայտնեց, որ անցած շաբաթ հանդիպում են ունեցել ճանապարհաշինական ընկերությունների հետ՝ Երևան քաղաքի ճանապարհների սպասարկման ընդհանուր մեթոդաբանությունը քննարկելու համար։ «Ճանապարհների սպասարկման մեջ ներառված են փոսալցման, գծանշման, նշանների, հենապատերի փոփոխության ամբողջական աշխատանքները։ Որոշակի առաջարկներ են արվել, որպեսզի  ճանապարհների սպասարկման ընթացքում կատարվող կտրվածքների վրա իրենք ևս ազդեցություն ունենան, այսինքն՝ հսկողությունն իրենք իրականացնեն։ Դա արդեն կքննարկենք, որպեսզի հասկանանք, թե ինչպես ենք կարողանալու նրանց նման լիազորություն տալ։ Ըստ դրա արդեն կպատրաստենք հայտերը՝ եկող տարվանից ամբողջական սպասարկման անցնելու համար»,- ասաց Գրիգորյանը։

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց՝ պլանավորում են հաջորդ տարվանից ճանապարհները սպասարկման հանձնել ճանապարհաշինական ընկերություններին և չե՞ն անելու փոսալցման աշխատանքներ։ Գրիգորյանը պատասխանեց, որ առանձին փոսալցման, գծանշման, նշանների տեղադրման մրցույթներ չեն անելու, դրանք լինելու են փաթեթներով, ամսեկան կատարողականներով, 2 կամ 3 տարով ճանապարհների ամբողջ պատասխանատուն դառնում է ճանապարհաշինական ընկերությունը։

Ավինյանը հարցրեց՝ ֆիքսելու ե՞ն, որ փորված փոսը նույն օրը պետք է լցվի։ Գրիգորյանը նշեց, որ այդ հարցը քննարկվում է և պայմանագրում տեղ է ունենալու։ «Այստեղ ամենակարևոր հատվածն այն է, որ ճանապարհը հանձնելու ենք ճանապարհաշինական ընկերությանը նաև կոմունալ վարչության հսկողության տակ գտնվող ենթակառուցվածքների մասով, որպեսզի շինարարական ընկերությունը լիազորություն ունենա աշխատանքների տեմպը, արագությունն ու ժամկետները համակարգելու կտրվածքով»,- մանրամասնեց նա։

Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց նաև, թե նախորդ շաբաթվա քննարկումից հետո ինչ աշխատանքներ են տարվել փոսալցումների հետ կապված խնդիրները լուծելու ուղղությամբ։ Խորեն Գրիգորյանը նշեց, որ քննարկումներից հետո աշխատանքներին տեմպ է տրվել, սակայն տեմպը գոհացուցիչ չէ։ Նա ցավով նշեց, որ գործող պայմանագրերում նշված չէ, որ քանդելուց հետո փոսերը նույն օրը պետք է լցվեն։ Գրիգորյանն ասաց, որ փորձում են առաջնորդվել գործող պայմանագրերի կետերով։ «Հարկ եղած դեպքում ճանապարհաշինական ընկերության հետ պայմանագրերը լուծարվելու են»,- ասաց Գրիգորյանը։

Երևանի փոխքաղաքապետն ընդգծեց, որ այս հարցն այնքան են քննարկելու, մինչև փոսալցումների խնդիրը լուծվի։ «Հաջորդ տարվանից նոր մեթոդաբանություն ենք դնում, բայց այսօր էլ նորմալ չի, որ շաբաթներով, ամիսներով փոսը փորված է, և որևէ բան տեղի չի ունենում։ Եթե չեն կարողանալու սպասարկել, թող հրաժարվեն այդ պայմանագրերից։ Մենք շատ վատ ենք դրան նայում։ Այդ որակի աշխատանքը շատ վատ ենք դիտարկում և հետևաբար համապատասխան վերաբերմունք ենք ունենալու նրանց նկատմամբ հաջորդ բոլոր փուլերում»,- եզրափակեց Ավինյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն