Լիտվայի և Վրաստանի կարգավորող մարմինների ներկայացուցիչների հետ քննարկվել են հեռարձակվող մեդիաների խնդիրները
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հրավերով մայիսի 18-19-ը Երևանում էին գտնվում Լիտվայի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի և Վրաստանի հաղորդակցության հանձնաժողովի պատվիրակությունները:
Աշխատանքային այցի ընթացքում կարգավորող մարմինների անդամները քննարկեցին երեք երկրների հեռարձակվող մեդիաների առջև ծառացած խնդիրները, լիցենզավորման մոդելների առանձնահատկությունները, պրոպագանդայի, կեղծ տեղեկատվության, «ատելության խոսքի» դեմ պայքարի հայեցակարգերը, համացանցում տեսալսողական հոսքերի կարգավորման օրենսդրությունը և այլն:
Լիտվայից և Վրաստանից ժամանած մեր գործընկերները հանդիպեցին հանրային հեռարձակողի խորհրդի անդամների հետ, այցելեցին Հայաստանի հանրային հեռուստաընկերություն և ռադիոընկերություն: Պատվիրակության անդամներին ընդունեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ս. Գաբրիելյանը։
Տեղեկացնենք, որ 2022 թ. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը համագործակցության մասին հուշագրեր էր կնքել Լիտվայի և Վրաստանի կարգավորող մարմինների հետ: