Ռուսաստանը հուսով է, որ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու համաձայնագիրը կստորագրվի մինչև տարեվերջ. Օվերչուկ
Ռուսաստանը հույս ունի վաղաժամկետ ստորագրել Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը, «ՌԻԱ Նովոստիին» ասել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մենք ակնկալում ենք, որ ԵԱՏՄ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կստորագրվի մինչև տարեվերջ։ Այս համապարփակ փաստաթուղթը կփոխարինի ազատ առևտրի գոտու ձևավորմանը տանող ժամանակավոր համաձայնագրին, որը ներկայումս ուժի մեջ է»,- ասել է պաշտոնյան։
Փետրվարի սկզբին Թեհրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովը «ՌԻԱ Նովոստիի» հետ հարցազրույցում ասել էր, որ համաձայնագրի շուրջ բանակցությունները գտնվում են վերջնական փուլում՝ նշելով, որ ազատ առևտրի գոտու ստեղծումը կընդլայնի ապրանքների տեսականին ներքին շուկայում, մասնավորապես՝ կենցաղային տեխնիկան:
Այն ժամանակ, ըստ դեսպանի, կողմերը համաձայնության էին հասել հարցերի մեծ մասում, սակայն չլուծված էր մնացել գյուղատնտեսական ապրանքների առանձին կատեգորիաների շուկան փոխադարձ հասանելի դարձնելու խնդիրը։