Թուքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով՝ մոտ 52 տոկոս քվե՝ գործող նախագահ Էրդողանին, մոտ 48 տոկոս՝ ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին։ Տարբերությունն ընդամենը 4 տոկոս է, բայց նշանակությունը՝ զգալի հետընտրական զարգացումների համար։ Թուրքագետները կարծում են, որ, չնայած հաղթանակին, Էրդողանի պաշտոնավարումը ամիսների հարց է։ Այդ երկրում լարված են ներքաղաքական վիճակը, տնտեսական դրությունն ու արտաքին հարաբերություններն Արևմուտքի հետ, մեծ է դժգոհությունը հասարակության մոտ երկրաշարժից հետո։

Ամեն գնով վերընտրվել ու նախագահել Թուրքիայի հանրապետության կազմավորման 100 ամյակին, որը տեղի կունենա այս տարվա հոկտեմբերին․ սա հրամայականներից գլխավորն էր գործող նախագահ Էրդողանի համար, կարծում են փորձագետները։ Ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծեց վերջին շրջանում թուրք հասարակության մոտ առկա դժգոհությունը, որը սրվեց հատկապես երկրաշարժից հետո, այն ջրի երես հանեց Թուրքիայի տնտեսության վատ վիճակն ու Էրդողանի ղեկավարության բացերը․

«Վերընտրվելը մի բան է, իշխանությունը պահելը՝ մի այլ բան է, որովհետև համոզված եմ, որ ընդդիմությունը շարունակելու է պայքարը, և Արևմուտքն էլ իր աջակցությունը և այդ պայմաններում Էրդողանի կառավարությունը կարող է ծանր վիճակում հայտնվել։ Դրա համար էլ բախումները՝ տնտեսական, սոցիալական հողի վրա, դառնում են անխուսափելի»:

Թուրքիան չի կարող երկրաշարժից հետո առաջացած տնտեսական, սոցիալական ծանր վիճակից դուրս գալ առանց Արևմուտքի, իսկ Արևմուտքը աջակցում է ընդդիմադիր Քըլըչդարօղլուին, շեշտում է Աշոտ Մելքոնյանը։ Նրա համոզմամ՝բ Թուրքայի զարգացումը առաջիկայում կթևակոխի տուրբուլենտության գոտի։

Թուրք-քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանն Էրդողանի կառավարման համար մի քանի ամիս է կանխատեսում։ Ընտրություններից հետո Հաքարի նահանգում անկարգությունների վերածված բողոքի ցույցերը ոստիկանությունը ջրցան մեքենաներով կարողացավ ցրել, սակայն փորձագետի համոզմամբ, առաջիկայում այդ երկրում ավելի բուռն ակցիաներ տեղի կունենան․

«Հետընտրական գործընթացները, բողոքի ակցիաները ավելի բուռն տեղի կունենան մոտ ժամանակաշրջանում, երբ Արևմուտքից իրենց հայտարարություններով կանաչ լույս վառեն ընդդիմության համար, և այդ դեպքում հնարավոր են որոշակի գործընթացներ։ Կարծում եմ՝ ամեն դեպքում Էրդողանը երկար չի կառավարելու և իր կառավարման շրջանն ամբողջությամբ չի ավարտելու, և դա ոչ թե տարի ու կես, կամ երկու տարի հետո․․․ Կարծում եմ, որ ընդամենը ամիսներ հետո Էրդողանը պաշտոնանկ կարվի»։

Թուրքիայի քրդաբնակ հինգ շրջաններում ընդդիմադիր Քըլըչդարօղլուի ձայները երկրորդ փուլի արդյունքներով ավելի քիչ են։ Փորձագետի կարծիքով հավանաբար դեր է խաղացել Էրդողանի՝ քրդերին սպառնալու քաղաքականությունը։ Բայց դա չի նշանակում, որ քրդաբնակ շրջաններում Էրդողանից առկա դժգոհությունը մարել է, ներքին ընդվզումներ անպայման կլինեն։ Կարեն Հովհաննիսյանը չի բացառում Արևմուտքի կողմից պատժամիջոցների կիրառումը Թուրքիայի նկատմամբ, քանի որ իրենց նախընտրած թեկնածուն ընդդիմադիր Քըլըչդարօղլուն էր, իսկ Էրդողանը անկախ արտաքին քաղաքականություն է վարում։

Ուշագրավ է, որ Եվրախորհրդարանի առաջատար խմբակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) առաջնորդ Մանֆրեդ Վեբերը Էրդողանի ընտրվելուց հետո հայտարարեց, որ ո՛չ ԵՄ-ն, ո՛չ Թուրքիան այլևս չեն ցանկանում երկրի անդամակցությունը Եվրամիությանը, շեշտելով, որ պետք է դադարեցնել այդ գործընթացը, քանի որ այն ավելի շատ արգելափակում է, քան նպաստում հարաբերությունների բարելավմանը։

Էրդողանը վարում է անկախ արտաքին քաղաքականություն և այլևս ցանկություն չունի ընդգրկվելու որևէ  քաղաքական կամ ռազմական ալյանսի մեջ։ Անկարան փորձում է ինքը Թուրքիայի շուրջ  քաղաքական ու ռազմական ալյանս ստեղծել, կարծում է փարձագետը․

«44 –օրյա պատերազմի ընթացքում, ըստ էության, ֆորմալ առումով ստեղծվեց Թուրան ռազմաքաղաքական կառույցը, և դրանով հիմք դրվեց, ըստ իրենց, հայտարարությունների միջազգային ռազմական կառույցի ստեղծմանը։ Միջազգային խաղացողները  ցանկություն չունեն, որ Թուրքիան ունենա ավելի անկախ ղեկավար ինչպիսին Էրդողանն է և նրանք ամեն գնով ամեն ինչ անելու են, որ տապալեն Էրդողանի վարչակազմը և իշխանության բերեն ավելի կախյալ վիճակում գտնվող որևէ մեկին»։

Էրդողանի վերընտրվելով, սակայն, ըստ փորձագետի, վտանգավոր փուլում է հայտնվում Հայաստանը։ Ադրբեջանը, ոգևորվելով Էրդողանի վերընտրվելու հանգամանքից, անպայման կփորձի լարվածություն առաջացնել ու ռազմական գործողությունների դիմել։ Կարեն Հովհաննիսյանը հորդորում է ավելի ակտիվ աշխատել միջազգային հարթակներում։ Ըստ նրա՝ պաշտոնական Երևանը որևէ ակնկալիք չպետք է ունենա նաև հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման գործընթացից։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն