Լրանում է Հայաստանի Հանրապետության և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը։

Այս հոբելյանի առթիվ Հռոմում գտնվող Վարպետաց պալատում տեղի է ունեցել Հայաստանի և Մալթայի Ուխտի արտաքին գերատեսչությունների ղեկավարների պաշտոնական ուղերձների փոխանակում։ ՀՀ ԱԳ նախարարի նամակը Մալթայի Ուխտի Մեծ կանցլեր Ռիկառդո Պատեռնո դի Մոնտեկուպոյին է փոխանցել դեսպան Կարեն Նազարյանը։ Ուղերձում հայկական կողմն անդրադառնալով դարերի խորքից եկող բարեկամական կապերին դրանք ամուր հիմք է համարում երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության հետագա զարգացման համար։



Ուղերձում գնահատվում է նաև Մալթայի Ուխտի գործառնական օպերատիվությունը հակամարտություններից տուժած տարածաշրջաններում մարդասիրական գործունեության իրականացման համար ու կարևորվում Ինքնիշխան Ուխտի դիվանագիտական աշխատանքը՝ ուղղված Ժնևի կոնվենցիաներում ամրագրված մարդու իրավունքների հարգմանն ու խրախուսմանը։

Իր հերթին, Մեծ կանցլերը հավաստիացում է երկկողմ համագործակցությունը դիվանագիտական և մարդասիրական ոլորտներում առավել ամրապնդելու, մեր համընդհանուր քրիստոնեական արժեքներն առաջ մղելու մտադրության մասին ու, Հայաստանի հետ պատմական կապերին ակնարկ կատարելով, հիշատակում մերօրյա բարձր մակարդակի փոխայցերը, ինչպես նաև կարևորում 2018թ. ստորագրված Համագործակցության համաձայնագիրն, ինչն առավել թիրախային է դարձնում Մալթայի Ուխտի մարդասիրական գործունեությունը Հայաստանում։

Միջոցառմանը հետևել է ՀՀ դեսպանի հանդիպումը Մալթայի Ուխտի արտաքին հարաբերությունների գլխավոր քարտուղար Ջիամպաոլո Կանտինիի հետ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն