Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու ԵԽԽՎ իռլանդացի պատգամավոր Փոլ Գավանը քննարկել են Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով մարդու իրավունքների խախտումներին վերաբերելի հարցեր:

Այսօր՝ մայիսի 31-ին, տեղի ունեցած հանդիպման ժամանակ Պաշտպանը նշել է, որ ստեղծված իրավիճակն Արցախում խոցելի է դարձրել մարդու իրավունքների պաշտպանությունը: Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ ադրբեջանական գործողություններից նաև երեխաներ են տուժում՝ փաստացի զրկվել են կրթություն ստանալու իրենց իրավունքից:



Պաշտպանն անդրադարձել է տիրող հումանիտար ճգնաժամին, ներկայացրել շրջափակման և Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման արդյունքում Արցախահայության խնդիրները:

«Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում հայրենիք վերադառնալ, նաև հակառակ իրավիճակն է, երբ Հայաստանում գտնվող արցախցիներն են բախվում նույն խնդրին: Այդ մասին Պաշտպանի թեժ գծին գրեթե ամեն օր ահազանգեր են ստացվում: Մարդու իրավունքներին վերաբերելի այս և այլ խնդիրների, անվտանգային հարցերի առնչությամբ պարբերաբար զրույց եմ ունենում Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ: Ստեղծված իրավիճակն իրոք ծայրահեղ ծանր է, անհրաժեշտ է հրատապ երաշխավորել մարդու իրավունքների պաշտպանությունը», — նշել է Պաշտպանը:

Հանդիպման շրջանակում Պաշտպանն անդրադարձել է նաև Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը, որը դրսևորվում է բոլոր մակարդակներում:

«Մեր ունեցած տվյալնեը հիմնված չեն միայն մեկ աղբյուրից ստացվող տեղեկության վրա: Ամենօրյա մշտադիտարկման են ենթարկվում ադրբեջանական մեդիադաշտն ու սոցիալական հարթակները: Հայերի նկատմամբ ատելության խոսքեր են հնչեցվում բոլոր մակարդակներում, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի և պետական տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով»,- ասել է Պաշտպանը:

Հանդիպման շրջանակներում Անահիտ Մանասյանը ներկայացրել է այս ուղղությամբ Պաշտպանի հաստատության գործունեությունն ու փաստերն ամրագրող արտահերթ զեկույցները, անդրադարձել է նաև ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակչության իրավունքների խախտումներին:

Փոլ Գավանը Հայաստանում է գտնվում «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքների հասցեագրումը» թեմայով զեկույցի նախապատրաստման նպատակով փաստահավաք առաքելությամբ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն