Տղան ասել է՝ վճարի սենյակի գումարը, քրեականի պետն էլ ասել է՝ ես կորոշեմ՝ երբ ու որքան վճարեմ
Դիլիջանի քրեականի պետ Արսեն Ղայթամազյանը, որի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են, ապրիլի 10-ին ռեստորանահյուրանոցային համալիրի 16-ամյա մատուցող Արազ Ամիրյանին ծեծի է ենթարկել այն բանից հետո, երբ նա իրենից պահանջել է վճարել գիշերակացի գումարը եւ նոր գնալ սենյակ։ Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արազ Ամիրյանի փաստաբան Սասուն Ռաֆայելյանը։
Դեպը տեղի է ունեցել 23։30-ի սահմաններում։ Այդ օրը եղել է Արազի աշխատանքային առաջին օրը եւ նա չի կարող ասել՝ նախկինում Ղայթամազյանը այցելել է հյուրանոց հյուրանոց, թե՝ ոչ։
«Ղայթամազյանը դրանից բորբոքվել է, նշել է՝ ես պետք է որոշեմ, թե երբ ու որքան գումար վճարեմ, որից հետո ծեծի է ենթարկել Արազ Ամիրյանին՝ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ։ Արազին դրսից հարվածելով բերել է խոհանոց, այնտեղ շարունակել է ծեծել, ինչից հետո Արազին հաջողվել է փախչել»,- պատմեց Ռաֆայելյանը։
Թեպետ Արազի վրա ֆիզիկական բռնության հետքեր չեն հայտնաբերվել, սակայն նա իր ցուցմունքում նշել է, որ զգացել է ֆիզիկական ցավ, հոգեական տառապանք, եւ պատռվել է վերնաշապիկի աջ թևքը։
Տուժող կողմը չի ընդունում զղջման հիմքը, որով որոշվել է հանրային քրեական հետապնդում չհարուցել Ղայթամազյանի նկատմամբ։ Այն, որ նման հիմքով հետապնդում չի հարուցվելու, քննիչը նախկինում տեղեկացրել էր, սակայն, որ որոշումն արդեն ընդունվել է իմացել են երեկ։ Որոշումը ստանալուն պես բողոքարկելու են այն։
«Հաղորդումից հետո Ղայթամազյանը հանդիպել է Արազին, ներողություն խնդրել, սակայն տղան մերժել է իրեն եւ ասել, որ հաշտության որեւէ եզր չի տեսնում, ցանկանում է, որ ենթարկվի քրեական պատասխանատվություն։ Ոստիկանության աշխատակիցն ալկոհոլի ազդեցութան տակ բռնություն է կիրառում անչափահասի նկատմամբ, եւ այդքանից հետո պետք է ասի՝ կներեք, սխալ եմ արել ու գործը կարճվի՞, ինքն էլ շարունակի ծառայել։ Դա բարոյակա՞ն է։ Եթե լիներ միջանձնային վեճ, ինքը չլիներ ալկոհոլի ազդեցության տակ, Արազն էլ՝ անչափահաս, գուցե այդ դեպքում հասկանալի լիներ, բայց սա խնդիր է»,- ընդգծեց փաստաբանը։
Փաստաբանի խոսքով՝ վարույթ պետք է նախաձեռնվել 196-րդ հոդվածի հատկանիշներով (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), որը նախատեսում է ազատազրկում է 3-5 տարի ժամկետով։ Տուժող կողմը ցանկանում է նաեւ, որ Արսեն Ղայթամազյանի լիազորությունները դադարեցվեն։