Հունիսի 2-ին ՀՀ կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) կառավարության միջև ստորագրվել է պայմանագիր՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության նոր՝ 8-րդ տաղավարի կառուցման նախագծի իրականացման վերաբերյալ։

Ի դեմս ՀՀ կառավարության՝ հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, ՉԺՀ կառավարության կողմից՝ ՉԺՀ առևտրի նախարարությունը։

Պայմանագիրը վավերացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՉԺՀ առևտրի նախարարության Միջազգային տնտեսական համագործակցության բյուրոյի Ասիա-խաղաղօվկիանոսյան դեպարտամենտի տնօրեն Ճան Մինգվուն, ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։

Կառուցվելիք 8-րդ տաղավարը լինելու է Հայաստանի անկախության շրջանում հայկական հեռուստատեսության առաջին նոր արտադրական ենթակառուցվածքը, որի տարածքում գործելու է 1000 քմ տարածք ունեցող ստուդիա: Շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 26 ամսվա ընթացքում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն