Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ուկրաինական հակահարձակման մեկնարկի մասին։ Ուկրաինան չի մեկնաբանում հայտարարությունները։ Ռազմական գործողությունների ակտիվացումը հաստատող ուրիշ ապացույցներ նույնպես չկան, գրում է BBC-ն։

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ուկրաինան հունիսի 4-ի առավոտյան լայնածավալ հարձակում է սկսել հինգ հատվածում՝ հարավային Դոնեցկի ուղղությամբ։ Ինչպես նշում է ռուսական ռազմական գերատեսչությունը, ուկրաինական բանակը չի կարողացել հասնել իր նպատակներին։ Ուկրաինացի զինվորականներին չի հաջողվել ճեղքել ռուսական պաշտպանությունը ճակատի առավել խոցելի հատվածում՝ Դոնեցկի հարավում:

Ուկրաինայի իշխանությունները վաղուց են խոսում մոտալուտ հակահարձակման մասին և խոստանում են ազատագրել Ռուսաստանի վերահսկողության տակ անցած բոլոր տարածքները։ Ռուսաստանը պաշտպանական կառույցներ է կառուցում, նշում է գործակալությունը:

Ուկրաինական կողմի տվյալներով՝ հունիսի 4-ին ուկրաինական ուժերը տեղական ցամաքային հարձակումներ են իրականացրել և սահմանափակ մարտավարական հաջողությունների հասել Դոնեցկի շրջանի արևմտյան և Զապորոժիեի շրջանի արևելյան մասերում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից հայտնել են, որ անցած մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի կորուստները կազմել են 410 մարդ: Իր հերթին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ուկրաինական կողմը կորցրել է 250 զինծառայող:

Միաժամանակ Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են հարձակումները Ռուսաստանի հետ սահմանային բնակավայրերի վրա: Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ Շեբեկինսկի շրջանի տարածքում ներկայումս մարտեր են ընթանում ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խմբի դեմ: Կալուգայի շրջանում էլ մայրուղու վրա երկու անօդաչու թռչող սարք է ընկել, երկու դեպքում էլ պայթյուն տեղի չի ունեցել, տարածքը շրջափակված է:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն