Քննարկվել են պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 4 էսքիզային նախագծեր
ՀՀ ԿԳՄՍՆ-ում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի տասներորդ նիստը, որի ընթացքում քննարկվել են պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 4 էսքիզային նախագծեր:
Քննարկված հարցերի թվում էր ՀՀ Արագածոտնի մարզի «Դաշտադեմ ամրոցի մասնակի հիմնանորոգում, թանգարանի հիմնում և հուշարձանի հարակից տարածքի բարեկարգում» ենթածրագիրը, որը որոշակի դիտողություններով արժանացել է հավանության:
Նիստում քննարկվել է նաև ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս բնակավայրում գտնվող 13-րդ դարի Սբ. Աստվածածին եկեղեցու վերականգնման էսքիզային նախագիծը, որը միաձայն քվեարկությամբ համարվել է ընդունելի: Վերոնշյալ հարցի քննարկմանը ներկա է եղել նաև պատվիրատուի՝ ««Վարդպետ» հայ մշակութային ժառանգության պահպանություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչը:
Օրակարգում ընդգրկված հարցերից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի N 9/4 հասցեի հուշարձան-շենքի («Սառցակոմբինատի» շենք) փոփոխման և Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին ՀՀ օրենքին համապատասխանության հարցը ձայների մեծամասնությամբ համարվել է ընդունելի, իսկ «Մոսկվա կինոթատրոնի՝ հանրապետական նշանակության հուշարձանի ճակատային հատվածում եռաչափ գովազդային էկրանի տեղադրման» էսքիզային առաջարկը՝ մերժվել: