Առանձնին երթևեկելի գոտիով ու առանց «Գազելների»․ մայրաքաղաքում տրանսպորտը սեպտեմբերի 1-ից նոր դիմագիծ կունենա
Երևանում շահագործման է հանձնվել հասարակական տրանսպորտի համար առանձնացված առաջին երթևեկության գոտին։ Երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Սարալանջ փողոցից Տերյան փողոցով դեպի Աբովյան պուրակ ուղղությամբ․ այսուհետև այս հատվածում երթուղային ավտոբուսները առանձին գոտիով կերթևեկեն՝ ասում է քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության ժ/պ Վազգեն Հարությունյանը․
«Այս երթևեկելի գոտին նախատեսված կլինի բացառապես հասարակական տրանսպորտի համար և հնարավորություն կտա տրանսպորտին Սարալանջից ուղիղ երթևեկել դեպի Աբովյան պուրակ։ Քանի որ նշված հատվածը կարճ է վերահսկողությունը առայժմ կիրականացվի Պարեկային ծառայության հետ։ Երկրորդ փուլով նախատեսում ենք նաև այլ փողոցներում գոտիներն առանձնացնել, որտեղ արդեն տեսահսկման համակարգերով կանենք վերահսկողությունը»։
Երևանում հասարակական տրանսպորտի համար երթևեկելի գոտիներ առանձնացնելը տրանսպորտային բարեփոխումների բաղկացուցիչներից մեկն է։ Սա հնարավորություն կտա կրճատելու երթուղու երկարությունը, խուսափելու խցանումներից։ Քաղաքացիներն էլ ստիպված չեն լինի կանգառներում երկար սպասել՝ վստահեցնում են քաղաքապետարանում․
«Ներկայումս աշխատանքներ են տարվում Գայի պողոտայում ևս համապատասպան առանձնացված գոտին կահավորելու ու գծանշման աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ»։
Սարալանջի ու Գայի պողոտաներից բացի, քաղաքապետարանը դիտարկում է նաև Գարեգին Նժդեհ պողոտայում երթևեկության գոտի առանձնացնելու հարցը։ Այստեղ վստահեցնում են, որ մինչև սեպտեմբեր այդ աշխատանքները կավարտեն։
Երթևեկության փորձագետ Արտակ Խաչատրյանը նորամուծությունն, ընդհանուր առմամբ, դրական է համարում, սակայն պնդում է՝ պետք էր ավելի երկար մտածել ու երթևեկության բոլոր մասնակիցներին դրան քայլ առ քայլ ադապտացնել․
«Մտածել եք, եթե այդ գոտիներն առանձնացվեն, ո՞ր շարքով է երթևեկելու ավտոբուսը։ Առաջի՞ն, երկրո՞րդ, թե՞ մեջտեղի․ մի տարբերակում հնարավոր է այնպես, ինչպես տրամվայների դեպքում՝ փողոցի մեջտեղում։ Մյուս դեպքում հնարավոր է առաջին գոտին նախատեսել կայանման համար և, այսպես կոչված, 1.5-2 գոտին տրամադրվի տրանսպորտին, կամ եթե 1-ին գոտին տրամադրվի երթուղայիններին, բա այդ դեպքում մեքենաները որտեղ են կայանելու։ Մոտավորապես 20 տարի ժամանակ կար, այս ամենի մասին մտածելու ու մաքսիմալ մտածված որոշումներ կայացնելու համար, բայց դա չի արվել, ու անմտություն է կարծել, որ հիմա նորամուծությունը կաշխատի»։
Մայրաքաղաքում երթևեկելի առաջին գոտիները, որպես կանոն, կամ զբաղեցվում են կայանած մեքենաներով, կամ «զավթվում» մասնավորի կողմից։ Սրան գումարվում են տաքսիներով ծանրաբեռնված կանգառներն ու խիտ երթևեկությունը։ Արտակ Խաչատրյանն ասում է՝ շատ կարևոր է նաև, թե ինչպես է առանձնացվելու ավտոբուսային գոտին։ Զարգացած երկրներում, օրինակ, այդ նպատակով այլ գույնի ասֆալտ կամ կարմիր սալաքարեր են օգտագործում։ Երթևեկության փորձագետը ենթադրում է, որ ինչպես ճանապարհային մյուս գծանշումները, ավտոբուսային գոտիներն էլ մի քանի ամիս անց կամ մի քանի անձրևից հետո անտարբերակելի են դառնալու։
Սեպտեմբերի 1-ից Երևանի երթուղային ցանցից ամբողջությամբ կհանվեն նաև «Գազել» մակնիշի երթուղայինները։ Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժ/պ Վազգեն Հարությունյանն ասում է՝ Հայաստան ներմուծված ավտոբուսներն ամբողջությամբ բավարար են միկրոավտոբուսներին փոխարինելու համար։
Ամռան ամիսներին, նախապես մշակված ժամանակացույցով, «Գազելներով» սպասարկվող երթուղիները փուլ առ փուլ կամ ամբողջովին կշահագործվեն ավտոբուսներով կամ կվերամիավորվեն գործող ու երթուղին կրկնող ավտոբուսային երթուղիներին։