Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում այս տարվա հունվարին բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողներն առաջիկա օրերին դեպքի վայրում կկատարեն որոշ ուսումանասիրություններ։ Այս մասին տեղեկացրել է զոհված 15 զինծառայողներից 13-ի ծնողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը։

Նա տեղեկացրեց, որ զոհված զինծառայողների ծնողները հանդիպել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, գնդապետ Կամո Ցուցուլյանին։Հանդիպմանը մասնակցել են Փրկարար ծառայության բարձրաստիճան սպաներ, ինչպես նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ, գնդապետ Արսեն Սարոյանը, ով դեպքի հաջորդ օրը՝ ս.թ. հունվարի 20-ին, Հանրային հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «Հանրային քննարկում» հաղորդման ժամանակ տառացիորեն հայտնել էր, որ զոհված 15 զինծառայողներից 14-ը ծխահարվել են, ներսում եղել է 21 հոգի, նրանցից 14-ը հայտնաբերվել են մահճակալներին պառկած։

«Զոհված զինծառայողների ծնողները բազմաթիվ հարցեր են բարձրացրել։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին դեպքի վայրում կատարել որոշ ուսումանասիրություններ։ Առաջիկա օրերի ընթացքում այս գործի վերաբերյալ հանդես կգամ առավել ծավալուն տեղեկատվությամբ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Նորիկյանը։

Հունվարի 19-ին ժամը 01:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացել էր 15 ժամկետային զինծառայող։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն