Այս տարվա առաջին եռամսյակում ներքին զբոսաշրջությունն աճել է 25.6 տոկոսով
Գոհար Հարությունյան (տուրիստական ընկերության փոխտնօրեն) - Յուրաքանչյուր ամիս արձանագրել ենք նվազագույնը 50 տոկոս աճ:
Տուրիստական այս ընկերությանը դիմող Հայաստանում հանգստանալ ցանկացող մեր երկրի քաղաքացիների թիվն էականորեն աճել է, վստահ են՝ հաջորդ ամիսներին առնվազն նույն տեմպը կպահպանվի: Իսկ ընդհանուր առմամբ, Վիճակագրական կոմիտեի տվյալով, այս տարվա հունվար-մարտին Հայաստանի 230.194 քաղաքացի նախընտրել է հանգստանալ երկրի տարածքում: Առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ներքին զբոսաշրջությունն աճել է 25.6, իսկ 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 53.2 տոկոսով: Խոսքը հյուրանոցներում և հյուրատներում հաշվառված ռեզիդենտ քաղաքացիների մասին է:
Գոհար Հարությունյան - Հունվար-մարտ ամիսներին ամենամեծ պահանջարկ ունեցող ուղղությունը Ծաղկաձորն էր բնականաբար, բավականին ակտիվ էր մեզ մոտ Նորավանք-Խոր Վիրապ ուղղությունը, ինչպես նաև Սևան, Դիլիջանը:
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ տարեցտարի ներքին զբոսաշրջության կշիռը մեծանում է:
Մեխակ Ապրեսյան (Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ) - Զբոսաշրջության ձևերից կարծես թե մեկը մյուսի հաշվին չի, որ զարգանում ա, ժամանակին ասում էինք, որ, տեսեք՝ արտագնան որ կա, ուրեմն տեսեք՝ մեր երկրում չենք հանգստանում, բայց պարզվում էր, որ, ո՛չ, դա ներքինի հաշվին չի, և ներքինը նույնպես իր զարգացումն ունի: Սա էլ իհարկե, հանգստացողների թիվն ավելի մեծանում է:
Բազմապատիկ անգամ ավելի են մեկ օրով ճամփորդող քաղաքացիները, որոնց վերաբերյալ գրանցված տվյալներ չկան՝ վստահեցնում է Գոհար Հարությունյանը: Իսկ հյուրանոցներում և հյուրատներում հանգրվանած քաղաքացիները հիմնականում նախընտրել են քիչ օրերով մնալ:
Գոհար Հարությունյան - Հիմնականում պահանջարկը 2-3 օրով հանգստին է վերաբերում, շատ են սոցփաթեթից օգտվող մասնակիցները, և մինչև մեկ շաբաթ արդեն ավելի բարձր սեզոնին՝ հուլիս-օգոստոսի համար հարցումներ կան հյուրանոցներում հանգստանալու:
Ըստ Հարությունյանի՝ ներքին զբոսաշրջության աշխուժացումը նպաստում է, որ շուկայում հայտնվեն նոր տուրիստական ընկերություններ:
Գոհար Հարությունյան - Նոր ձևավորվող ուղղություններ են ի հայտ գալիս, որոնք իհարկե ներքին տուրիստների ավելանալու քանակի հաշվին:
Եթե տարվա պասիվ շրջանում նման աճ է գրանցվել, ապա մյուս ամիսների համար, Մեխակ Ապրեսյանի կարծիքով՝ սպասումներն ավելի մեծ են:
Մեխակ Ապրեսյան - Սպասումն այնպիսին է, որ մենք արդեն ակտիվ սեզոնին շատ ավելի նշանակալի ցուցանիշ կունենանք: Տարեկան ցուցանիշը արդեն ընդհանուր վերցված, կարծում եմ՝ 40 տոկոս աճ կարող ենք ունենալ ընդհանուր՝ նախորդ տարվա համեմատ, եթե հիմա 25 տոկոս է միայն եռամսյակը:
Ներքին զբոսաշրջությունը Հայաստանում վերջին տարիներին ամենամեծ աճ գրանցող ճյուղերից է: Նախորդ տարի արձանագրվել է 1 մլն 929 հազար այց, ընթացիկ տարում, առկա տեմպի պահպանման դեպքում, այցերի թիվը կարող է հասնել 2.5 մլնի:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան