Ռազմական համալսարաններում դիմորդները պակասել են․ կառույցները կմիավորեն
Կառավարությունը որոշում է միաձուլել ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան» և «Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան» պետական հիմնարկները և վերակազմավորել «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա» պետական հիմնարկ։
Ըստ հիմնավորման, միաձուլումը պայմանավորված է արդյունավետության բարձրացմամբ։
Ռազմական համալսարանները, ըստ կառավարության, ունեն կառավարման մարմիններ, փորձառու պրոֆեսորադասախոսական կազմ, հագեցված լաբորատորիաներ և անհրաժեշտ ուսումնանյությական բազա: Սակայն, սահմանափակ թվով գիտական կադրերով պայմանավորված, մասնագիտական խորհուրդներ չունենալը լուրջ խնդիրներ է ստեղծում գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման և համակարգման, ինչպես նաև գիտական կադրերի պատրաստման բնագավառում, ինչն էլ այսօր առավել արդիական է դարձրել երկու ԲՈւՀ-երի միավորումը: Վերջին տարիներին համալսարանների դիմորդների թվակազմի և պատրաստվող որոշ մասնագիտությունների պահանջարկի նվազման պատճառով արդիական է դարձել դրանց կառավարման և ֆինանսավորման համակարգի օպտիմալացման հարցը: