Ամեն տարի ազգային անվտանգության մարմինների 40 ծառայողի հնարավորություն կընձեռվի բարելավել բնակարանային պայմանները՝ մասնակցելով բնակապահովության պետական աջակցության ծրագրերին: Նախագիծը Կառավարության հունիսի 8-ի նիստին ներկայացրեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը:

«Նախագծով առաջարկվում է գործող որոշմամբ սահմանված՝ բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ կառուցման դեպքում պետական աջակցության նպատակային ծրագրերի շահառու դարձնել նաև ազգային անվտանգության մարմինների զինծառայողներին, ինչը կնպաստի ազգային անվտանգության մարմինները, այդ թվում՝ սահմանապահ զորքերը որակյալ կադրերով համալրելու գործընթացին, և կավելացվի ծառայության գրավչությունը:

Նախագծի ընդունման դեպքում, 2024 թվականից սկսած, յուրաքանչյուր տարի ազգային անվտանգության մարմինների 40 զինծառայող հնարավորություն կունենա օգտվելու պետական աջակցությամբ իրականացվող՝ մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագրից»,- ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալը, ապա տեղեկացրեց, որ ծրագրի իրականացման համար պետբյուջեից, մոտավոր հաշվարկով, տարեկան կպահանջվի 157 միլիոն դրամ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն