WhatsApp-ը նոր ֆունկցիա է ներկայացրել, որի միջոցով հնարավոր կլինի հետևել կարևոր և հետաքրքիր լուրերին
WhatsApp հայտնի մեսենջերը հայտարարել է, որ նոր գործառույթ է գործարկել։ Ինչպես նշում են մշակողները, Channels-ը (Ալիքներ) պարզ, հուսալի և կոնֆիդենցիալ միջոց է մարդկանց և կազմակերպությունների վերաբերյալ կարևոր նորություններին հետևելու համար՝ առանց WhatsApp-ից դուրս գալու:
Channels-ի ադմինիստրատորները կարող են դրանցում բովանդակություն հրապարակել՝ ներառյալ հաղորդագրություններ, լուսանկարներ, տեսանյութեր, սթիքերներ և հարցումներ: Մյուս կողմից, բաժանորդները Channels-ում կարող են միայն դիտել բովանդակությունը, բայց ոչ հրապարակել այն:
Ալիքները, որոնց բաժանորդագրված է օգտատերը, տեղակայված կլինի նոր ներդիրում՝ չատերից և համայնքներից առանձին: WhatsApp-ը ստեղծել է տարբեր թեմաներով ալիքների կատալոգ, որից օգտատերերը կարող են ընտրել իրենց նախընտրած ալիքները։
«Ալիքներում» մեծ կարևորություն է տրվում գաղտնիությանը։ Ալիքի ադմինստրատորի հեռախոսահամարը և պրոֆիլի լուսանկարը տեսանելի չեն հետևորդներին, իսկ բաժանորդի հեռախոսահամարները թաքցված են ալիքի մյուս անդամներից, այդ թվում՝ ադմինիստրատորից: Բացի դրանից, ոչ ոք չի տեսնի, թե որ ալիքներին է բաժանորդագրված կոնկրետ օգտատերը։
Ալիքում հրապարակման պատմությունը կպահվի ոչ ավելի, քան 30 օր, այնուհետև կջնջվի։ Մշակողները նախատեսում են հետագայում ավելացնել բաժանորդների սարքերից պատմությունը ջնջելու հնարավորությունը նախքան 30-օրյա ժամկետի լրանալը։
Ադմինիստրատորները կկարողանան փակել ալիքը դիտելիս սքրինշոթ անելու և դրա բովանդակությունն ուղարկելու հնարավորությունը, ինչպես նաև վերահսկել, թե ում է թույլատրվում բաժանորդագրվել իրենց ալիքներին, ինչպես նաև թաքցնել իրենց ալիքները կատալոգի որոնման արդյունքներից:
Ալիքներն առաջին հերթին հասանելի են դարձել աշխարհի առաջատար լրատվամիջոցների և Կոլումբիայի ու Սինգապուրի որոշ կազմակերպությունների համար։ Առաջիկա ամիսներին դրանք կհայտնվեն այլ երկրներում, և ցանկացած օգտատեր կկարողանա ալիքներ ստեղծել։
Նշենք, որ Viber մեսենջերը ալիքներ գործառույթն ունի դեռ անցած տարվանից։