Աներոջը սպանած Գոռ Տեր-Եսայանի կնոջ հայտարարությունը
Աներոջը սպանած Երևանում 6-րդ գլխավոր վարչության նախկին աշխատակից, գործարար Գոռ Տեր- Եսայանի նախկին կինը՝ Լիանա Մարգարյանը տեսանյութ է հրապարակել, որով նշում է՝ ինքն ու որդիները անհետ կորած չեն, իրենց ոչ ոք չի առևանգել, սակայն ինքը ստիպված է առայժմ չբացահայտել իրենց գտնվելու վայրը, քանի որ պատճառներ ունի՝ վախենալու իր և երեխաների անվտանգության համար։
«2020 թվականի մարտի 19-ին իմ նախկին ամուսինը՝ Գոռ Հրաչի Տեր-Եսայանը, գտնվելով թմրանյութերի և ալկոհոլի ազդեցության տակ, Եկմալյան 1 հասցեում գտնվող մեր բնակարանում իմ և 2 երեխաներիս ներկայությամբ կրակահերթ է արձակել AK 74 տեսակի «Կալաշնիկով» ինքնաձիգից և իմ աչքի առաջ սպանել է իմ հորը՝ 47-ամյա Արթուր Մարգարյանին․․․Գոռ Տեր-Եսայանը, կալանքի տակ գտնվելու փոխարեն, Նուբարաշենի հոգեբուժարանում 2 տարի գտնվելուց հետո հայտնվել է ազատության մեջ։ 2 փորձաքննությունները ցույց են տվել Գոռ Տեր-Եսայանի անմեղսունակությունը սպանություն կատարելիս, սակայն երրորդ փորձաքննությամբ ոչ միայն հաստատվում է, որ Գոռ Տեր-Եսայանը մեղսունակ է եղել սպանություն կատարելիս, այլև բերում են հիմնավոր կասկածներ առաջին 2 փորձաքննությունների եզրակությունների վերաբերյալ։ Այսպիսով՝ Գոռ Տեր-Եսայանը փորձել է հոգեպես անառողջ ձևանալ՝ պատժից խուսափելու համար։ Այնուհետև անցել է բուժում «Հոգեկան առողջության ազգային կենտրոն»-ում և երկու տարի հետո հայտնվել է ազատության ու հասարակությա մեջ»։
«Ամուսնալուծության գործընթացը գտնվում է դատական փուլում․ դատավոր Լիլիթ Սարգսյանը բավարարել է Գոռ Տեր-Եսայանի կողմից ներկայացված միջնորդությունները թե՛ երեխաների հետ տեսակցության օրեր և ժամեր սահմանելու, թե՛ ինձանից 40 միլիոն դրամ բռնագանձելու հետ կապված։ Հարկադիր կատարման ծառայությունը հետախուզում է հայտարարել իմ հանդեպ, սակայն, այս պատմությունն իսկ լսելով, կարծում եմ պարզ է, թե՝ որքան վտանգավոր կարող է լինել իմ և երեխաների համար մեր գտնվելու վայրը բացահայտելը․․․ Իմ գնահատմամբ՝ Գոռ-Տեր Եսայանին հենց անպատժելիությունն է դարձրել այն հրեշը, որ նա այսօր կա։ Այսօր նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հարբած վիճակում կրակահերթ է արձակել ինքնաձիգից և, շատերի կյանքի համար վտանգավոր գնով սպանություն է կատարել, կյանքից է զրկել անմեղ մարդու, և այս անգամ նրա անպատիժ մնալը կարող է մեկի, մի քանիսի կյանքն արժենալ։ Նախաքննությունն ավարտվել է ամիսներ առաջ, սեպտեմբեր ամսին սպանություն կատարած անձը գնտնվում է ազատության մեջ և վտանգ է ներկայացնում հասարակության համար։ Թեև չունեմ վստահություն իրավադատական համակարգի հանդեպ,բայց պայքարելու եմ մինչև հնչի արդար դատական վճիռ։ Դատավոր Արտուշ Գաբրիելյան խնդրում եմ իրականացնել արդար դատավարություն, դիմում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Գլխավոր դատախազին, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին, խնդրում եմ թիվ 13103220 քրեական գործը վերցնել ձեր հսկողության տակ, որպեսզի կանխվի հետագա նոր հանցագործությունները»,-խոսքն ամփոփում է Լիլիթ Մարգարյանը։