Բաքվից կրկին Երևանի դիրքորոշմանն ու 2020 թ․նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթին հակասող հայտարարություններ են հնչում։ Ադրբեջանի փոխվարչապետը ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացում փորձում է միջամտել Հայաստանի ներքին հարցերին։ Նա հայտարարում է, թե իբր Ադրբեջանից Նախիջևան գնացող ճանապարհը պետք է վերահսկեն Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները։ Հայաստանը, սակայն, պաշտոնական մակարդակով բազմիցս շեշտել է, որ ճանապարհները պետք է վերահսկվեն այն երկրների կողմից որտեղով դրանք անցնում են, այլ կերպ ասած՝ պետք է գործեն կողմերի ինքնիշխանության և իրավազորության ներքո, փոխադարձության սկզբունքով։ Ի՞նչ նպատակ ունեն Բաքվի այս կարգի հայտարարությունները։

Բաքուն բոյկոտում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները և ձգտում է, որ Ադրբեջանից դեպի Նախիջևան հաղորդակցության ուղիները միջազգային կարգավիճակ ստանան, համոզված են փորձագետներից ոմանք։

Ըստ նրանց, ասվածի հիմնավորումը Վաշինգտոնում հունիսի 12-ին նախատեսված Արարարտ Միրզոյան-Ջեյհուն Բայրամով հանդիպման չեղարկումն է Բաքվի կողմից։ Բանակցություններից հրաժարվելուն զուգահեռ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, հղում անելով 2020 թվականի նոյեմբրի 9-ի եռակողմ հայտարարությանը, պնդում է թե իբր Նախիջևան տանող հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում հսկելու են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները։ Նրա այս ձևակերպմանը հակադարձեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը, հղում անելով նույն եռակողմ հայտարարության 9-րդ կետին։ Հայաստանի դիրքորոշումը եղել է և շարունակում է մնալ անփոփոխ՝ ճանապարհները պետք է գործեն կողմերի ինքնիշխանության և իրավազորության ներքո՝ փոխադարձության սկզբունքով, նշվում է հայկական կողմի հաղորդագրության մեջ։

Այս հարցին օրերս անդրադարձել էր նաև ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը։ Նա հստակեցրել էր, որ ճանապարհի հսկողությունը Ռուսաստանի կողմից կախված է Հայաստանի որոշումից:

Քաղաքագետ Արա Պողոսյան․ «Իրականում Բաքուն, իմ խորին համոզմամբ, փորձում է ամեն դեպքում այսպես կոչված ապաշրջափակման գործընթացը տեղավորել նախկինում իր կողմից հնչեցրած այսպես կոչված «զանգեզուրյան միջանքի» տրամաբանության մեջ, և այս համատեքստում բնական է, որ փորձելու է ամեն կերպ ՀՀ տարածքով անցնող այդ ճանապարհներին որոշակի կարգավիճակ ամրագրել։ Փորձում է գոնե սկզբնական շրջանում ստանալ ՌԴ կողմից վերահսկվող ճանապարհ, որը ինչ-ինչ հանգամանքներից ելնելով կփորձի վերաձևակերպել իր նախկինում արդեն հնչեցրած տրամաբանության մեջ»։

Այն, ինչ հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետը, քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի կարծիքով ռուս-թուրքական ծրագիր է, և ամեն կերպ պետք է պայքարել դրա դեմ ու թույլ չտալ, որ Հայաստանի Հանրապետության ինքնուրույնության հաշվին ծրագրեր իրականացվեն։ Այս հարցում պետք է միասնական լինել ու թույլ չտալ, որ ռուս սահմանապահները վերահսկեն ճանապարհները, ասում է զրույցակիցս․

«Եթե դա տեղի ունեցավ, Հայաստանի Հանրապետությունը կկորցնի իր ինքնուրույնությունը, իսկ ում գիրկը կնետվի, պարզ է, որ ՌԴ-ի։ Սրա դեմ մենք պետք է դիմակայենք և բազմաթիվ դաշնակիցներ կունենանք, քանի որ միայն ռուս-թուրքական դաշինքին է ձեռնտու այս պրոյեկտը։ Այս տարբերակը ձեռնտու չէ ո՛չ Իրանի Իսլամական հանրապետությանը, ո՛չ հավաքական Արևմուտքին, ո՛չ Վրաստանին, ո՛չ Հնդկաստանին, անգամ ո՛չ Չինաստանին։ Մենք դաշնակիցներ կգտնենք, պարզապես պետք է կամք ցույց տալ, որ հասկանան, որ հայ ժողովուրդը պատրաստ է պայքարելու դրա դեմ»։

Իսկ հունիսի 12-ին նախատեսված երկու երկրների արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպման չեղարկումը, ըստ Արա Պողոսյանի, պարզ ցույց է տալիս, որ Բաքուն նոր մարտավարություն և ռազմավարություն է մշակում, որ իր շահերը սպասարկվեն և, որ ճանապարհների ապաշրջափակումը տեղի ունենա իր ծրագրով։ Գուրգեն Սիմոնյանը հենց սրանով է պայմանավորում վերջին օրերին հրադադարի խախտումների ակտիվությունը հակառակորդի կողմից։

«Ադրբեջանը ամենևին էլ չի փորձում բանակցությունների միջոցով լուծել բոլոր առկա կնճռոտ հարցերը, չի հրաժարվել իր ռազմական ինտերվենցիայի քաղաքականությունից , փորձում է ամեն ինչ տանել սադրանքի ճանապարհով, որպեսզի տեղի ունենա ռազմական բախում, քանի որ նրանք շատ լավ հասկանում են, որ եթե առավելագույնը չկարողացավ պոկել հենց հիմա, ապա շատ փոքր ժամանակ անց դա անհնար կլինի իրականացնել։

Իսկ ռազմավարական ապագայի հեռանկարում Հայաստանի Հանրապետությունը կարող է և տնտեսապես և քաղաքականապես այլ կշիռ ունեցող պետություն դառնալ, որը կվիճարկի արդեն այն ռազմաքաղաքական իրողությունը, որը ձևավորվել է 2020 թվականից հետո»։

Փորձագետը կարծում է, որ Բաքուն վախենում է, որ Հայաստանը մոտ ապագայում ոտքի կկանգնի ու իրավիճակը կփոխվի, ուստի ձգտում է արագ ամրագրել այսօր առկա հնարավորությունները։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն