Ինչի՞ մասին կխոսի Փաշինյանը ԱԺ քննիչ հանձնաժողովում
Արդեն հայտնի է, թե երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգնա ԱԺ 44–օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով՝ իրեն ուղղված հարցերին պատասխանելու։ Հանձնաժողովից հրավերն ուղարկվել է, դրական պատասխանը կառավարությունից ստացվել։ Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանը կխոսի հունիսի 20–ին՝ առավոտյան ժամը 10–ին նշանակված նիստում։ «Ռադիոլուր»–ը փորձել է հասկանալ, թե ինչ հարցերի է պատրաստվում քննիչ հանձնաժողովում անդրադառնալ վարչապետը և ինչ պարզաբանումներ են ակնկալում նրանից։
44–օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքային որևէ հանդիպում հրապարակային չի եղել, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը բացառություն կլինի։ Թեև թեման առնչվում է անվտանգային խնդիրներին, բայց հանձնաժողովն արդեն որոշում ունի՝ նիստը մասնակիորեն դռնբաց անցկացնելու մասին։ Հունիսի սկզբին Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնության մասին խոսել էր հենց Փաշինյանը։
«Խոսելով, խորհրդակցելով քննիչ հանձնաժողովի նախագահի հետ և խորհրդարանական մեր գործընկերների հետ՝ եկել եմ այն եզրակացության, որ իմ ելույթը պետք է դռնբաց լինի, որովհետև շատ բաներ կան, որոնց մասին դուք պետք է իմանաք»։
Տևական ժամանակ է, ինչ Փաշինյանը խոսում է ոչ միայն քննիչ հանձնաժողովում լսված լինելու ցանկության մասին, այլև ուրվագծում է այն թեմաները, որոնց մասին ուզում է խոսել։ Բանակցային գործընթացին վերաբերող մանրամասները թեմաներից մեկն են։ Այս առումով իր վերջին ասուլիսում Փաշինյանը հստակեցրեց․
«Քննիչ հանձնաժողովի նիստում ես պատրաստվում եմ շատ բաների մասին խոսել, բայց դա էլ ասեմ՝ հիասթափություն է սպասվում այն առումով, որ շատ մեծ նորություններ չեն լինելու։ Ըստ էության շատ քիչ բան է լինելու բանակցային գործընթացի վերաբերյալ, որովհետև այս երեք տարիների ընթացքում այնքան–այնքան խոսվել է դրա մասին»։
Փաշինյանի կարծիքով՝ ամենակարևոր պարզաբանումներից մեկն առնվում է հարցին, թե ինչու ավելի վաղ չկանգնեցվեց պատերազմը, երբ կար դրա հնարավորությունը։ Այս առնչությամբ հրապարակային պարզաբանումներ տալ Փաշինյանը խոստացել է ԱԺ–ում։
«Չեմ կարող գայթակղությունը զսպեմ։ Հիշում եք չէ՞ այդ հայտնի խոսակցությունը, որ Շուշին հայկական լինելու պարագայում, հոկտեմբերի 19–ին վարչապետը հնարավորություն ուներ և այլն, և այլն։ Ես հիմա նայում եմ արձանագրությունները, թե ես ինչ դիրքորոշումներ եմ արտահայտել այն ժամանակ և ես ճշգրիտ այն ժամանակ նկարագրել եմ Լաչինի միջանցքի դեկտեմբերից ստեղծված վիճակը։ Ասել եմ, բա եթե դուք այս բաները առաջարկում եք, այդ պարագայում կարող է այս գործողությունը լինի։ Եվ դա կարող եմ ապացուցել։ Բայց դա չի եղել վերջնական պատճառը այդ օրը որևէ թուղթ չստորագրելու։ Ես քննիչ հանձնաժողովում կասեմ նաև որն է եղել դրա պատճառը և ես հույս ունեմ, որ կգանք այն եզրակացության, որ ես դա պետք է հրապարակային ասեմ»։
Այն, ինչ հավանաբար կթույլատրվի վարչապետ Փաշինյանին, չի թույլատրվի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին։ Նա չի հրաժարվում, պատրաստ է պատասխանել պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հարցերին։ Սակայն, պայմանով, եթե վարչապետ Փաշինյանն էլ մասնակցի նույն նիստին, ու այն բաց լինի։ Այս խոսակցությունը պաշտպանության նախկին նախարարը նախաձեռնել էր դեռ ապրիլին՝ կալանավայրից հրապարակելով առաջարկը ու նաև կասկածները՝ անկախ փորձագետների և ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների բացակայության պայմաններում քննիչ հանձնաժողովի անկողմնակալության առնչությամբ։
Այս առումով քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խնդիրներ չի տեսնում։ Կալանավայրում գտնվող Տոնոյանին լսելու այլ տարբերակներ է առաջարկում, բայց նախկին նախարարի՝ Փաշինյանի հետ հրապարակային հարցաքննության առաջարկն անընդունելի է համարում։
«Մենք քննիչ հանձնաժողով ենք, այլ ոչ թե տեսակետների բախման ինչ–որ հարթակ։ Այդպիսի բան գոյություն չունի։ Պարոն Տոնոյանը պայման է դրել, բայց մենք պայմաններով չենք առաջնորդվելու։ Սա այն հարթակն է, որից պետք չէ խուսափել։ Ընդհակառակը՝ սա միակ վերջին ատյանն է, որտեղ այն ինչ ունես ասելու, պետք է ասվի։ Սա քննիչ հանձնաժողով է, բայց քննիչ մարմին չէ։ Այս հարթակում է այն, ինչ պետք կլինի ապագայի համար նաև տվյալ անձի համար, վերջին հարթակն է, սահմանադրական՝ ընդ որում, և պետք է դրանից օգտվել»։
Նախկին պաշտոնյաներից մի քանիսը, սակայն, չեն օգտվել այս հնարավորությունից։ Հանձնաժողովի հրավերը մերժել են, օրինակ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որ 44-օրյա պատերազմի ժամանակ որևէ պաշտոն չի զբաղեցրել և պատերազմի օրերին ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը։
Փոխարենը՝ պատերազմի օրերին ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը մի քանի անգամ է գնացել հանձնաժողով։ Մինչև այս պահը հանձնաժողովի հարցերին պատասխանել են նաև 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի արտաքին գերատեսչությունը ղեկավարած Զոհրաբ Մնացականյանը, ԶՈՒ ԳՇ գործող պետ Էդվարդ Ասրյանը։ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին նույնպես սպասում են հանձնաժողովում։ Նախնական համաձայնությունը արդեն կա։
Այս տարվա մայիսին քննիչ հանձնաժողովի ժամկետը վերջին անգամ երկարաձգվեց 6 ամիս ժամկետով։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ սկսում են ամբողջացնել կատարած աշխատանքները։
«Չգիտեմ ինչ ծավալով՝ հանրության մասին է խոսքը, ԱԺ–ին կներկայացնենք այն եզրակացությունը, որտեղ ամեն ինչ պետք է ասվի, թե մեր անհաջողությունները որտեղ ենք մենք կերտել և դրանք հաղթահարելու համար ինչ դասեր պետք է քաղենք։ Առաջին հերթին դա պետք է միտված լինի մեր բանակին օր առաջ աջակցելու առումով»։
Քննիչ հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագրից» Վահագն Ալեքսանյանը համոզված է՝ վարչապետի մասնակցությունը հանձնաժողովի աշխատանքին շրջադարձային է լինելու, իսկ հանձնաժողովի եզրակացությունը կփոխի հանրության մեջ առկա տրամադրությունները։
«Մինչև այս քննիչ հանձնաժողովում մեր ունեցած նիստերն ու լսումները, եթե այդ ամեն ինչն ուղղակի հրապարակվի, քաղաքական աղմուկի 70–80%–ը առնվազն այդ հարցերի շուրջ կնվազի։ Այն մեղադրանքները, որ ամեն կերպ, ամեն կողմից հնչեցվում են, այն կեղծ պնդումները, որ հնչեցվում են, ուղղակի տրամաբանության օրենքով կլռեն»։
Պատերազմից մոտ մեկուկես տարի անց ստեղծված քննիչ հանձնաժողովի աշխատանքի մասին այլ կարծիքի է խորհրդարանական ընդդիմությունը։ Հենց սկզբից հավակնելով այս կառույցում նախագահելուն՝ ընդդիմությունը հրաժարվեց աշխատել իշխանական թիմի հետ և բոյկոտեց հանձնաժողովի աշխատանքը՝ նաև այդ կերպ կասկածի տակ դնելով քննիչ հանձնաժողովի աշխատանքի լեգիտիմությունը։