«Թանկ» փողի քաղաքականությունը զիջում է դիրքերը․ ԿԲ–ն թուլացնում է դրամավարկային պայմանները
Կենտրոնական բանկն աստիճանաբար հրաժարվում է թանկ փողերի քաղաքականությունից։ Գլխավոր դրամատան խորհուրդը որոշել է 0․25 տոկոսային կետով իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Այն սկսել էր բարձրանալ 2020–ի դեկտեմբերից, երբ համավարակով ու սահմանափակումներով պայմանավորված՝ աշխարհում գնաճային ճնշումներն սկսեցին մեծանալ։ Սրան գումարվեց նաև ռուս–ուկրաինական պատերազմն ու գրեթե բոլոր երկրների կենտրոնական բանկերը գնացին դրամավարկային քաղաքականության խստացումների՝ փորձելով ճնշել գնաճի միտումները։ Կենտրոնական բանկը բարելավել է նաև 2023–ի տնտեսական աճի իր կանխատեսումը․ ակնկալում է, որ տարին մոտ 7 տոկոս տնտեսական աճով կփակվի ։
Տարեսկզբից երկու անգամ անփոփոխ մնացած, այս անգամ արդեն՝ իջեցված տոկոսադրույք․ Կենտրոնական բանկն այս անգամ որոշեց ոչ թե անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այլ իջեցնել 0․25 տոկոսային կետով՝ այն սահմանելով 10․5։ Գլխավոր դրամատանը որոշումը գնաճային ճնշումների նվազմամբ են բացատրում։
«Համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունները շարունակում են էականորեն թուլանալ։ 2023–ի երկրորդ եռամսյակում ՀՀ–ում դիտվում է սպասվածից բարձր ակտիվություն, որին հիմնականում նպաստում են շինարարության ու ծառայությունների ոլորտներում արձանագրված բարձր աճերը։ Աշխատաշուկայում դիտարկվող դրական տեղաշարժերը և արտադրողականության աճը պայմանավորում են նաև տնտեսության ներուժային աճի որոշակի ավելացումով»։
Ակնկալվում է, որ 12–ամսյա գնաճն առաջիկայում կպահպանվի կանխատեսվածից ավելի ցածր մակարդակում։ Կենտրոնական բանկի նախագահն արձանագրում է՝ ներմուծվող ապրանքների գները ավելի արագ են նվազում, քան կանխատեսվում էր։ Մարտին Գալստյանի խոսքով՝ այս փաստը բավարար էր, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքն ավելի շեշտակի նվազեր, բայց պետք է վստահ լինել, որ առաջարկի ու պահանջարկի խնդիր չի առաջանա։
«Կա նաև չկարգավորվող ծառայությունների էական հատված, որտեղ շարունակում է պահպանվել ավելի բարձր մակարդակ, քան գնաճի թիրախն է»։
Մայիսի 31–ի տվյալներով՝ ոչ ռեզիդենտ քաղաքացիների ավանդների մնացորդը 706 մլրդ դրամ է։ 2022–ի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրկնապատկվել է՝ ասում է Մարտին Գալստյանը․
«Բայց վերջին ժամանակաշրջանում կարող ենք արձանագրել, որ աճի տեմպերը շատ ավելի մեղմ են, քան անցյալ տարի»։
Հայաստանում տնտեսական աճի հիմնական գործոններից մեկը ռուս–ուկրաինական պատերազմով պայմանավորված այցելուների աննախադեպ մեծ ներհոսքն էր։ Տարբեր կանխատեսումների համաձայն՝ նրանց մի մասը հեռացել է Հայաստանից ու սրանով պայմանավորված՝ հնարավոր է, որ տնտեսական աճը դանդաղի։ Բայց գլխավոր դրամատունն էլ իր հերթին է հարցումներ արել ու պարզել՝ միջազգային այցելուների՝ Հայաստանում մնալու ժամանակահատվածը ավելացել է։ Նրանք ռուս–ուկրաինական պատերազմն արագ ավարտ չեն ակնկալում։ Նվազեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ ԿԲ–ն հրաժարվում է թանկ փողերի քաղաքականությունից՝ արձանագրում է տնտեսագետ Ջուլիետա Թադևոսյանն ու նկատում ՝ այս քայլը կխթանի տնտեսական աճը։
«Տնտեսական աճի դանդաղումը եթե կարճաժամկետում ցցուն ազդեցություն չունի, ապա երկարաժամկետում լուրջ ազդեցություն ունենում է։ Հայաստանի տնտեսությունը այդ զարգացումների շրջանակից այլ կերպ դրսևորվեց»։
Տնտեսագետը հիշեցնում է՝ համավարակից հետո աշխարհի բոլոր երկրների կենտրոնական բանկերը սկսեցին խստացնել դրամավարկային քաղաքականությունները․ հիմնական նպատակը գնաճը զսպելն էր։ Հայաստանի կենտրոնական բանկն էլ 2020–ի դեկտեմբերից սկսեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Իսկ արդեն 2021–ի փետրվարից բանկերն ավելի զգուշավոր դարձան։
Եկամուտների նվազումը բանկերին ավելի զգուշավոր է դարձնում
Մասնագետների գնահատմամբ՝ զսպող դրամավարկային քաղաքականությունը գնաճի կարգավորման բերեց։ Իհարկե, աշխարհում դեռ գնաճային ճնշումները շարունակվում են, բայց իրավիճակի վրա ազդել է նաև 2022–ին Հայաստանում գրանցված տնտեսական բարձր աճը՝ արձանագրում է տնտեսագետը․
«Տնտեսական աճի արդյունքում արձանագրված ռեսուրսները գրեթե հնարավոր չեղավ գեներացնել տնտեսության մեջ, բայց դա վկայում է բոլոր դեպքերում տնտեսության ընկալունակության մասին։ Այսինքն տնտեսությունը կարողացավ ընկալել այդ արտաքին ազդակներն ու դրական միտումներ արձանագրել»։
ԱՄՀ փորձագետները արձանագրել են, որ տնտեսական աճը պահպանվել է 2023թ.-ի առաջին եռամսյակում՝ շինարարության, ծառայությունների եւ առեւտրին առնչվող ոլորտների ընդլայնման արդյունքում։ ԱՄՀ զեկույցում արձանագրվում է, որ գնաճային ճնշումները 2022 թ. վերջից սկսել են մեղմանալ։ Միտումը պահպանվել է նաև 2023 թ.-ի առաջին եռամսյակում։ Գնաճի ցուցանիշը 2023 թ. ապրիլին կազմել է 3.2 տոկոս։ Ակնկալվում է, որ գնաճը մեկ տարվա ընթացքում կկայունանա ու կմոտենա ԿԲ թիրախավորած 4 տոկոս ցուցանիշին։ Կենտրոնական բանկում ավելի ցածր գնաճ ու բարձր տնտեսական աճ են կանխատեսում՝6,9 տոկոս։ Ենթադրում են, որ աճին կնպաստեն շինարարության ու ծառայությունների ոլորտների առաջանցիկ աճերը։