Ինչպե՞ս կարող է 100 տղամարդուց կազմված մահապարտների ջոկատը փոխել իրավիճակը Հայաստանում և Արցախին առնչվող բանակցային պրոցեսում․ այս հարցի պատասխանն իր հարցազրույցներից մեկում տվել է «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը։ Նրա ձևակերպումները մտահոգել են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներց, օրինակ, Հասմիկ Հակոբյանին։

Հարց ու պատասխանի ընթացքում զուգահեռներ անցկացնելով և ակնարկելով 1999 թվականի հոկտեմբերի 27-ի դեպքերը՝ պատգամավորը վարչապետից փորձել է պարզել իշխանության հնարավոր արձագանքը ընդդիմադիր գործչի վերոնշյալ հարցազրույցին՝ մեջբերելով դրանից մի հատված․ 

Հասմիկ Հակոբյան. «Ասում է, որ Ձեր պաշտոնավարումը դադարեցնելու համար  անհրաժեշտ է 100 տղամարդ, որոնց պարոն Վարդանյանը անվանում է քաղաքական մահապարտներ։ Այդ մարդիկ պետք է ռազմական ռեժիմով գործողությունների պլանը ձևակերպեն ու գնան մինչև վերջ։ Անհանգստացնող է, որ պարոն Վարդանյանը նաև Արցախի հետ կապված հանգուցալուծումն է տեսնում նույն ճանապարհով, և եթե Արցախում սա լի է պատերազմի վտանգով, իսկ Հայաստանում՝ քաղաքացիական պատերազմ»։



Նիկոլ Փաշինյան. «Պետք է հույս հայտնել, որ այդ մահապարտների ցանկում 44-օրյա պատերազմի դասալիքների հատուկ ստորաբաժանում կլինի այդ խնդիրը լուծելու համար։ Ես ուզում եմ ասել հետևյալը՝ բոլոր նրանք, ովքեր օրենքի գիծը կհատեն, ուրեմն, օրենքով նախատեսված ուղիներով կգտնեն իրենց տեղը այս կյանքում։ Ես կառաջարկեի այդ հարցին քաղաքական մեկնաբանություններ շատ չանել, այդ հարցին պետք է արձագանքեն իրավապահները՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»։

Պատգամավորներին և հանրությանը անհանգստացնող գլխավոր հարցն  առնչվում է սահմանային իրավիճակին։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանում հերքել է վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ տարածած հայտարարությունները և պնդել, որ հակառակ ամենօրյա ռեժիմով հրադադարի խախտման ռեժիմին՝ Հայաստանը շարունակելու է աշխատել բանակցային սեղանի շուրջ։ Վերջին օրերին ակնառու է Ադրբեջանի մարտավարության  նույն տրամաբանությունը՝ ապատեղեկատվություն–սահմանում իրավիճակի լարում։ Դա արվում է կոնկրետ ուղղություններով՝ նախարարին ուղղված խոսքում նշում է պատգամավոր Ալխաս Ղազարյանը։

Ալխաս Ղազարյան. «Այսօր ևս Երասխի ուղղությամբ տարածեցին ապատեղեկատվություն, թե իբր հայկական կողմը կրակ է բացել Երասխի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Սակայն, րոպեներ անց Ադրբեջանի կողմից կրակ բացվեց մետաղական գործարանի ուղղությամբ, ինչի պատճառով երկու օտարերկրյա քաղաքացի վիրավորում են ստացել»։



Սուրեն Պապիկյան.«Այս ամենի պատճառը, իհարկե, ադրբեջանական կողմի նպատակներն են՝ ի ցույց դնելու, որ հայկական կողմը որոշակի ագրեսիվ գործողությունների միտում ունի։ Նման բան չկա, հայկական կողմը մեր իսկ հնչեցրած բոլոր հայտարարություններին համապատասխան, բանակցությունների սեղանի շուրջ շարունակելու է առաջ մղել խաղաղության օրակարգը, իհարկե, նաև պաշտպանելով մեր երկրի սուվերեն տարածքը»։ 

Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանը բոյկոտող ընդդիմությունից «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը նիստերի դահլիճից դուրս, լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը և Թուրքիան ակնհայտ տանում են այն գիծը, որ բոլոր տեսակի հարցերն այլևս կարելի է լուծել պատերազմով, ուժի պարտադրանքով։ Ընդդիմադիր պատգամավորը համոզված է՝ Ադրբեջանն իր ծրագիրն ունի Թուրքիայի հետ։ Նրանք փորձելու են օգտվել ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակից և Հայաստանից փորձելու են կորզել ամեն ինչ, ինչ հնարավոր է։

Պատգամավորի խոսքով՝ այս իրավիճակը շարունակվելու է, քանի դեռ հայկական կողմը ցույց չի տվել, որ կարող է իրեն պաշտպանել։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն