Շարունակելու ենք աշխատել․ Երասխում դեսպաններին ներկայացրել են կառուցվող գործարանը թիրախավորելու հետևանքները
Այսօր Երասխ են այցելել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար։ Նրանց Երասխի բնակիչները, շինարարության պատասխանատուները ներկայացրել են շուրջ 400 մետր հեռավորությամբ գտնվող ադրբեջանական դիրքերից Հայաստանի տարածքում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ բացված կրակի հետևանքները։ Վիրավորվել էր գործարանի շինհրապարակում աշխատող Հնդկաստանի 2 քաղաքացի: Նրանք նախօրեին վիրահատվել են «Արարատ» բժշկական կենտրոնում, նրանց վիճակը բժիշկները բավարար են գնահատում։
Երասխում կառուցվող գործարանում երեկվանից շինաշխատանքները դադարեցված են։ Համայնքում խուճապ չկա, բայց բնակիչներն անհանգիստ են։ Զրուցակիցս նրանցից մեկն է։
«Իմ տղան էլ այնտեղ է աշխատում։ Աշխատանքի պահին է եղել, բոլորն էլ աշխատանքի են եղել։ Այս պահին այնտեղ մարդ չկա, եթե գնան, ինձ թվում է, նորից կսկսեն։ Պիտի բանակցեն, առանց բանակցելու հնարավոր չի լինի»։
Երասխցիները սպասում են գործարանի կառուցմանը։ Համայնքի ղեկավար Կարո Այվազյանն ասում է, որ կրակոցներ այս տարածքում հազվադեպ են եղել։ Հիմա գործարանի կառուցման խնդիրն է․ թիրախավորել են հենց շինհրապարակը։
«Նրանք ուզում են ազդել, որ այդ հիմնարկը չկառուցվի։ Չի կարող նման բան լինել, եթե մեր կառավարությունը դեմն առնի»։
Դեմն առնելու քայլերից մեկը դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին Երասխ հրավիրելն ու տեղում իրավիճակին ծանոթացնելն էր ։ Արտգործնախարարության ու Զինված ուժերի ներկայացուցիչների ուղեկցությամբ այսօր Երասխում էին շուրջ 40 երկրի դեսպաններ, ռազմական կցորդներ ու դիվանագետներ։
Ադրբեջանցիների թիրախում սահմանին կառուցվող մետալուրգիական գործարանն է՝ դիվանագետներին ասում է Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը։
«Ադրբեջանի գործողությունները ուղղակի միտված են խանգարելու ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնականոն զարգացմանը։ Իրենց մեջբերումները, թե իբր բնապահպանական խնդիրներ կան, տեղին չեն։ Ես վստահեցնում եմ՝ որևիցե խնդիր չկա»։
Այստեղ այժմ աշխատում է ընդհանուր 200 քաղաքացի, որից 70-ը Հնդկաստանի քաղաքացիներ են։ Նրանք հրավիրվել են՝ զուտ շինաշխատանքների տեխնոլոգիաների բնույթից ելնելով։ Ահա թե ինչ է պատմում գործարանի հնդիկ աշխատակիցը.
«Երբ մարդիկ աշխատում են, նրանք կրակում են աշխատող մարդկանց ուղղությամբ։ Այդպես եղավ և երեկ, և երեկ չէ առաջին օրը»։
«Որոշակի վերլուծություններ արվե՞լ են՝ ինչ պիսի զենքեր են օգտագործվել»։
Չեխիայի դեսպանը բանակային կորպուսի հրամանատար Սասուն Բադասյանից հետաքրքրվեց, թե արդյոք՞ որոշակի վերլուծություններ արվել են՝ ի՞նչ զինատեսակներ են օգտագործվել, արդյո՞ք Երասխ բնակավայրի ուղղությամբ ևս թիրախավորումներ եղել են։
«Հրաձգության հետևանքներն առկա են գործարանի տարածքում։ Բնակելի տների ուղղությամբ եղել է հրաձգություն, թե ոչ՝ չեմ կարող ասել, որովհետև նման տեղեկությունների չեմ տիրապետում։ Հակառակորդը մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը, մենք էլ շարունակում ենք մեր ծառայությունը իրականացնել պետական սահմանի պահպանման գործում»։
«Բնականաբար անհանգստություն կա, բայց ոչ ոք չի հեռացել, գնալու այդպիսի տրամադրություններ էլ չկան»։
Աշխատանքների համակարգող «Էլ Ջի Բի հոլդինգի» տնօրեն Տիրան Հակոբյանն ասաց, որ շինաշխատանքներն սկսվել են երկու ամիս առաջ։ Գործարանի կառուցման համար 70 մլն դոլարի ներդրում է նախատեսված։ Սեփականատերերի մասին տեղեկությունները բաց են՝ ԱՄՆ քաղաքացի Բոբի Քանք և Հայաստանի քաղաքացի Գրիգոր Տեր-Ղազարյան։ Տիրան Հոկոբյանի խոսքով՝ կառուցման փուլում գտնվող քաղաքացիական ենթակառուցվածքի թիրախավորումն ադրբեջանցիների կողմից մեկ նպատակ ունի՝ խոչընդոտել Հայաստանի տնտեսկան զարգացմանը։
«Թիրախավորում են տեխնիկան ու աշխատող մարդկանց։ Ուղղակի իրենք փորձում են խոչընդոտել գործարանի կառուցումը։ Իրենք չեն ուզում Հայաստանի տնտեսական հզորացումը, իսկ մեր գործարանը բավականին լուրջ ներդրում կունենա Հայաստանի տնտեսության մեջ»։
Տարեկան շուրջ 200 հազար տոննա ամրաններ արտադրելու հզորություն է ունենալու գործարանը։ Այստեղ ապագայում աշխատելու է 1000-ից ավելի մարդ՝ հիմնականում հենց սահմանամերձ այս բնակավայրի բնակիչներ՝ ասում է Տիրան Հակոբյանը։ Նրա խոսքով՝ հաստատակամ են. գործարանը կառուցվելու է, մի քանի տեխնիկական հարցեր ճշտելուց հետո աշխատանքները կշարունակեն։
Գործարանի կառուցումը հենց Երասխի տվյալ հատվածում՝ պայմանավորված է մի քանի հանգամանքով՝ ասում է Արարատ խոշորացված համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը։
Նախ՝ այն նպաստելու է սահմանամերձ տարածաշրջանի զարգացմանը։ Բացի դրանից ՝ հաշվի է առնվել երկաթուղու գործոնը։ Կոմունիկացիաների ապաշրջափակման և երկաթուղու հնարավոր վերագործարկման հանգամանքը նույնպես նկատ է առնվել։ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտակական կորպուսի ներկայացուցիչներին Արարատ համայնքի ղեկավարն է վստահեցնում՝ էկոլոգիական վտանգների մասին ադրբեջանական պնդումներն անտեղի են ։
«Արարատում կա ևս երկու մեծ գործարան՝ «Արարատ ցեմենտն» ու ոսկու կորզման ֆաբրիկան։ Վաղը կարող են ասել՝ դա էլ մեզ համար էկոլոգիական ինչ-որ խնդիրներ են առաջացնում, դրանք էլ պետք է չաշխատեն։ Բայց մենք մենք նրանց ասածներով չենք առաջնորդվելու։ Պետք է ամեն ինչ անենք, որ գործարանը կառուցենք, որովհետև դա բխում է ՀՀ շահերից»։
Գործարանի կառուցման պատասխանատուները չգիտեն՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանները քաղաքացիական ենթակառուցվածքներն ու քաղաքացիներին թիրախավորելու հասցեական գնահատական կտա՞ն ադրբեջանական գործողություններին, թե՞ ոչ, բայց ԱՄՆ պետքարտողարի թվիթերյան հայտարարությունը հուսադրող են համարում ։