Ադրբեջանը նորից արգելում է անցնել Լաչինով. Կարմիր խաչը պարզաբանում է
Ադրբեջանը հերթական անգամ արգելափակել է Հակարիի կամրջի մոտ տեղադրված անցակետով ելումուտը Արցախ։ Ադրբեջանցի սահմանապահները անսպասելի կանգնեցրել են Կարմիր խաչի մեքենանները, որոնք արցախցի 25 բուժառուների են տեղափոխելիս եղել Հայաստան ու ստիպել են Ստեփանակերտ վերադառնալ։
Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է՝ մինչև այս պահը հիվանդների տեղափոխումը կասեցված է՝ անվտանգության նկատառումներով։
«Այս բուժառուները վերադարձել են Ստեփանակերտ, բայց մենք հույս ունենք, որ առաջիկայում կկարողանանք նրանց անվտանգ տեղափոխել Հայաստան։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, աշխատելով որպես չեզոք միջնորդ, ամենօրյա ռեժիմով հետևում է իրավիճակին, հատկապես անվտանգությանը, որը շատ կարևոր է այս գործողությունները իրականացնելու համար։ Համապատասխան որոշումներն էլ մենք կայացնում ենք այդ իրավիճակից ելնելով և որոշում կայացնողների հետ քննարկումների արդյունքում»,-մանրամասնում է Ամատունին։
Ադրբեջանական կողմը խոչընդոտել ու արգելել է նաև հումանիտար բեռնափոխադրումները։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում շեշտում է՝ ադրբեջանական կողմի այս քայլը ևս մեկ անգամ հաստատում է, որ անցակետի առկայությամբ Ադրբեջանն ահաբեկում է Արցախի բնակչությանը։
«Արգելելը ադրբեջանական կողմը բացատրում է անվտանգության ապահովմամբ․ ասում են, որ կրակոցներ են եղել ու անվտանգ չէ անցակետով անցնելը, բայց ես որևէ կասկած չունեմ, որ սա Ադրբեջանի կողմից հերթական լծակների կիրառումն է արցախցի ժողովրդին ահաբեկելու և ստիպելու իր կանոններին ենթարկվել։ Այս քայլը ևս մեկ անգամ բացահայտում է, որ անցակետի առկայությունը Արցախի ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող Լաչինի միջանցքի վրա ուղղակի անընդունելի է և գոյաբանական սպառնալիք է մեր ժողովրդի համար»,-ասում է մարդու իրավունքների պաշտպանը։
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյան
Մինչև անցակետով ելումուտն ամբողջությամբ արգելելը, ադրբեջանական կողմն արդեն իսկ սկսել էր Արցախի քողարկված հայաթափումը՝ ընդգծում է օմբուդսմենը։ Գեղամ Ստեփանյանը օրեր առաջ էր Facebook-ում գրել, որ ադրբեջանցի սահմանապահները Արցախից դուրս եկողներին անխոչընդոտ ճանապարհում են, բայց թույլ չեն տալիս վերադառնալ Ստեփանակերտ։
«Խոսքը բուժման նպատակով Արցախից դուրս եկած քաղաքացիների մասին է, ովքեր հետ վերադարձի ճանապարհին ուղղակի ադրբեջանցիների կողմից հետ են ուղարկվել, այսինքն, թույլ չի տրվել, որ նրանք մուտք գործեն Արցախ։ Եվ այո՛ Ադրբեջանը անթաքույց հայտարարում է դրա մասին, մասնավորապես, Ալիևի հայտնի խոսքն էր, որ «ճանապարհը բաց է, ով ուզում է կարող է դուրս գալ»․ այստեղ ակնհայտ է, որ խոսքը դուրս գալու մասին է, այլ ոչ թե ազատ տեղաշարժի»,-ասում է Ստեփանյանը։
Արցախցի Արմինե Մկրտչյանը ապրիլին է ադրբեջանական անցակետով անցել ու Կարմիր խաչի ուղեկցությամբ Երևան եկել՝ բուժումը շարունակելու։ Պատմում է, որ մի կերպ են անցել, մի քանի ժամ է տևել մինչև ադրբեջանցի սահմանապահները ստուգել են փաստաթղթերն ու թույլ տվել շարունակել ճանապարհը։
Արցախից Երևան՝ կյանքի փակ ճանապարհով․ բուժման համար տնից հեռացած արցախցիները այստեղ էլ խնդիրներ ունեն
«Շուշիի ճանապարհի մոտով անցնելուց էլ անցակետում մոտ մեկ ժամ կանգնել ենք, ասում էին՝ պետք է ադրբեջանցիները համաձայնություն տան, նոր շարունակենք ճանապարհը, ու թույլ չէին տալիս մեքենաներից դուրս գալ, ասում էին՝ միայն կարող եք դուռը բացել, որ օդափոխեք մեքենան։ Հետո հասել ենք այդ Հակարիի անցակետը, այդտեղ էլ մոտ 40 րոպե կանգնեցրել են, ստուգել նոր ճանապարհել»։
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը սա ևս շատ խնդրահարույց է համարում․ ադրբեջանցի սահմանապահները գրանցում ու ստուգում են արցախցիների անձնագրային տվյալները։ Հետագայում նրանք կարող են այդ տվյալները տարաբնույթ սադրանքների համար օգտագործել՝ ասում է Գեղամ Ստեփանյանը։
«Խոսակցություններ կան, որ «սև ցուցակներ» կան ու ադրբեջանցիները կարող են կոնկրետ մարդկանց առհասարակ թույլ չտալ անցնել։ Անկեղծ ասած, դեռ նման ահազանգեր մենք չենք ստացել, բայց ես վստահ եմ, որ պարզապես այն մարդիկ, ովքեր մտավախություն ունեն, որ կարող են ինչ-որ խնդիրներ ծագել, կամ օրինակ, ռազմական գործողությունների մասնակից են, ուղղակի խուսափում են անցակետով անցնել։ Եվ ես չեմ բացառում, որ Ադրբեջանը կարող է անցակետն օգտագործել այդ մարդկանց վնասելու համար»,-կարծում է Գեղամ Ստեփանյանը։
Մինչ այսօր, Արցախի շրջափակման ավելի քան կես տարվա ընթացքում, Կարմիր խաչի կամ ռուս խաղաղապահների միջնորդությամբ ու ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 560 հիվանդ, ընդ որում, ծայրահեղ ծանր հիվանդների տեղափոխումն անհնար է, քանի որ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս շտապ օգնության մեքենաների ելումուտը։
«Ռադիոլուրի» զրուցակիցը պատմում է՝ ստիպված է եղել հրատապ բուժումը 2.5 ամսով հետաձգել․ Կարմիր խաչը հերթագրում, հետո ըստ կարիքի ու առաջնահերթության էր տեղափոխում՝ ասում է Արմինեն։ Հիմա չգիտի՝ բուժումը ավարտելուց հետո կարողանալո՞ւ է վերադառնալ տուն, թե ոչ։
«Մի անգամ զանգել խոսել եմ մեր առողջապահության նախարարության հետ, ինձ ասացին, որ ավելի լավ է մնամ Հայաստանում, քանի որ, եթե բուժման համար պետք լինի նորից Երևան գալ, չեն կարողանալու ինձ ուղարկել։ Ասում են՝ ամեն հիվանդին մի անգամ կարող ենք ուղարկել, քանի որ մեծ հերթեր են, ու նույնիսկ ծանր վիճակում մանկահասակ երեխաներ կան, որ սպասում են իրենց հերթին»,-պատմում է արցախցի կինը։
Ադրբեջանը հերթական սադրանքով ու ապօրինի գործողությամբ ևս մեկ անգամ խախտում ու չի կատարում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ ընդգծում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։ Դեռ փետրվարին Հաագայի դատարանը մասամբ բավարարել էր Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը, պարտավորեցնելով Ադրբեջանին ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղությամբ անխափան տեղաշարժը: Դատարանի վճռից 4 ամիս անց Ադրբեջանը ոչ միայն արգելում է Արցախ ելումուտը, այլև նոր հումանիտար ճգնաժամի վտանգ է ստեղծում։