Կենսունակ Հայաստան՝ կրակոցների տակ․ խորհրդարանում քննարկել են սահմանային լարվածությունն ու գործադիրի ծրագրերը
Կառավարության անդամները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այսօր ողջ օրը խորհրդարանում են եղել, բայց՝ այլ օրակարգով․ նիստերի դահլիճում շարունակվել է կառավարության 2022–ի հաշվետվության քննարկումը։ Սահմանային լարվածության թեման քննարկումներում շոշափվել է, բայց առանցքային չի դարձել։
Ընդդիմությունը հստակ գնահատականներ է ակնկալել, իսկ իշխանությունը ներկայացրել է կառավարության այն քայլերը, որոնք կապահովեն ապագա Հայաստանի կենսունակությունը։
Ադրբեջանի հերթական սադրանքի՝ կրակոցների և վիրավորների մասին Հայաստանից առաջինը հաղորդեց Ազգային անվտանգության ծառայությունը։ Արդյո՞ք սա նշանակում է, որ Հայաստանը Արցախի հետ կապող ճանապարհի վրա՝ Հակարիի կամրջի մոտ հսկողությունն իրականացնում են ոչ թե Հայաստանի ԶՈՒ, այլ՝ ԱԱԾ սահմնապահները։ Հարցին ԱԺ պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանը հստակ պատասխան չի տալիս։
«Տարբեր հատվածներում տարբեր ծառայություններ են իրականացնում։ Չգիտեմ այդ հատվածը կոնկրետ ով է իրականացնում»։
«Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն առկա ինֆորմացիայից ենթադրում է․
«Իշխանությունների պարտականությունն է նման դեպքերում ներկայացնել տեղեկատվություն, որովհետև իրենք են լիարժեք տիրապետում՝ այնտեղ բանա՞կն է կանգնած, սահմանապահ զորքե՞րն են կանգնած, թե՞ տվյալ զորամիավորման կազմն է։ Եթե սահմանապահներն ասում են, դա նշանակում է, որ կոնկրետ այդ հատվածում իրենք էին կանգնած։ Էական չէ՝ առանձի՞ն են կանգնած, թե՞ բանակի կազմում։ Արդեն իշխանությունները թող դրա մասին խոսեն»։
Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով սահմանապահներ տեղակայելու առաջարկը ժամանակին արել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ որպես սահմանային լարվածությունը նվազեցնելուն ուղղված փորձ։ Փոխադարձ համաձայնության մասին որևէ տեղեկություն այդպես էլ հայտնի չդարձավ։
Ադրբեջանը սահմանային նոր լարում է հրահրում արտգործնախարարների վաշինգտոնյան բանակցությունները հետաձգելուց և Թուրքիայի նախագահի ընդունելուց հետո։ Ինչի վրա է Բաքուն ծախսում ստացված «լրացուցիչ ժամանակը», Սեյրան Օհանյանի ներկայացմամբ՝ ավելի քան տեսանելի է․
«Իրենք փորձում են, ըստ էության, ինչպես ՀՀ մնացած հատվածներում, ինքնուրույն սահմանագծում և սահմանազատում իրականացնել։ Լավ է, որ հայկական կողմը կարողացել է կանխել, հետ շպրտել։ Եթե, օրինակ, Տեղ գյուղի, մյուս հատվածների նման լիներ, ապա մենք դժվար իրավիճակում կգտնվեինք։ Քանի դեռ ադրբեջանցիները գտնվում են մեր սահմաններում որևէ ճանապարհի և որևէ սահմանագծման, սահմանների ճշգրտման ուղղությամբ աշխատանք չպետք է տարվի։ Ադրբեջանցիները պետք է դուրս գան Հայաստանից, պետք է իրենց միջազգային պարտականությունները միջանցքի առումով և Արցախի նկատմամբ կատարեն»։
Խուսանավելով Վաշինգտոնից՝ Ալիևը Բաքվից հայտարարել է, թե որ դեպքում կա Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկար։ Համարում է, որ դրա համար Հայաստանը պետք է քաղաքական կամք դրսևորի և թղթի վրա ամրագրի այն, ինչ պաշտոնապես հայտարարել է։
Խորհրդարանական ընդդիմությունը համոզված է՝ Ադրբեջանն իր վերջին գործողություններով հերթական անգամ ապացուցում է, որ իր համար «խաղաղության օրակարգ» գոյություն չունի։ Հաշվի առնելով, որ գործադիրն այսօր ամբողջ կազմով խորհրդարանում էր, ընդդիմադիր պատգամավորներն առարկայական պատասխաններ էին փորձում ստանալ կամ պարզապես զգուշացնել, ինչպես դա արեց «Հայաստան» խմբակցությունից Քրիստինե Գրիգորյանը։
«Ինչո՞ւ ենք մենք սա ստորագրում, մեկը կբացատրի՞։ Ի՞նչ է զիջում Ադրբեջանը։ Թուղթը չի երաշխավորում խաղաղություն։ Ուժերի բալանսի հաստատում է երաշխավորում խաղաղությունը։ Ադրբեջանը և Թուրքիան երբեք չենք պատրաստվել բավարարվել Արցախով։ Թե չէ Սոթքում ի՞նչ գործ ունեն, ի՞նչ ճանապարհներ են ուզում Հայաստանից։ Փաստորեն մեզ աշխարհում ամենաթանկ՝ ցեղասպանության վտանգի գնով վաճառում են թուղթ, առանց երաշխավորի։ Ուրեմն մեզ մնում է այդ թուղթը մերժելը, որովհետև դա մեզ ոչինչ չի տալու, խլելու է մեր ապագան։ Այն Հայաստանը, որը դուք այդ թղթով փորձում եք թողնել կենսունակ չէ»։
Վերոնշյալ հարցերին, ըստ էության, պատասխաններ չտրվեցին։ Խորհրդարանական մեծամասնությունը և կառավարությունը քննարկումը փորձում էին վերադարձնել օրակարգային հարցերի տիրույթ, չնայած՝ օրվա ընթացքում Հայաստանի սահմանային տարբեր հատվածներից անհանգիստ իրավիճակի մասին ստացվող տեղեկություններին։ Կառավարության հաշվետվության շրջանակներում էր, որ պաշտպանության և անվտանգային հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և Աժ փոխնախագահ Հակոբ Արշակյանը փորձեցին ներկայացնել կառավարության այն քայլերը, որոնք կապահովեն ապագա Հայաստանի կենսունակությունը։
Անդրանիկ Քոչարյան․ «Ռազմական արդյունաբերության հետ կապված ունենք 22 թվականին արձանագրած հաջողություններ, որը, ի զարմանս մեզ, նկատել է նաև հակառակորդը՝ իհարկե, չգիտակցելով, որ մեր արդյունաբերության հետ արձանագրված իրողություններ են։ Ամեն դեպքում, դրանք հաճելի իրողություններ են, և շարունակությունն են այն նպատակների, որոնք կառավարությունը դրել է իր ծրագրերի մեջ»։
Հակոբ Արշակյան․ «Այսօր ես թվեր չեմ ուզում հնչեցնել, բայց մեր պաշտպանական կարիքների մի ահռելի մասը այսօր Հայաստանում է արտադրվում։ Բա ինչո՞ւ դա չէր արվում՝ այս հսկայական գիտահետազոտական ինստիտուտներն ունենալով հանդերձ։ Ինչո՞ւ դա 2000–ականներին չէր արվում, որովհետև կամք չունեիք։ Այսօր կամք կա։ Հսկայական փող է դրվում ապագայի մեջ։ Այս գիտության արդյունքները 5 տարի, 7 տարի, 10 տարի հետո են ի հայտ գալու։ Եվ սա ուղիղ ներդրում է պաշտպանության մեջ, ուղիղ ներդրում է արդյունաբերության մեջ»։
Հայաստանի սահմաններում Ադրբեջանի հրահրմամբ իրավիճակը արդեն մի քանի օր անհանգիստ է։ Նախկինում սովորական դարձած գործելաոճն անընդունելի է «խաղաղության օրակարգի» քննարկումների ժամանակաշրջանում։ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը դեռ նախօրեին էր խորհրդարանից դիմում միջզգային հանրությանը։
«Այսպիսի վարքագծի նկատմամբ և՛ մենք, և՛ միջազգային հանրությունը պետք է շատ կտրուկ դիրքավորվի. կամ մենք բանակցում ենք բարի կամքով՝ գտնելու փոխադարձ ընդունելի լուծումներ, կամ, եթե ուժի գործադրմամբ է, ապա այսպիսի քաղաքականությունը մեզ համար առնվազն անընդունելի է: Հուսով ենք, որ նաև միջազգային հանրության համար է անընդունելի»։
Պաշտոնական Երևանը շարունակում է պնդել․ Հայաստանի սահմանները պետք է մնան անխախտելի, ՀՀ տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի և միջազգային հանրությունն էլ պետք է դերակատարում ունենա այս գործում։
Ադրբեջանի ղեկավարությունը այլ դերակատարների ներկայությամբ բազմիցս ստանձնել է հավելյալ պարտավորություն՝ չդիմել ուժի կիրառման՝ հիշեցնում է Արարատ Միրզոյանը, սակայն, ինչպես մյուսների դեպքում Բաքուն, չի շտապում հարգել դրանք։